Մյունխենի օպերային թատրոնի մեներգիչը Հայաստանում արիաներ կերգի «Աիդա»-ից

15:07 • 09.12.10

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստում է նոր ներկայացում։ Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը՝ «Աիդա» օպերայի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 23–ին։

«Ամբողջ աշխարհում տենորը խնդիր է։ Պրեմիերայի համար մենք հրավիրել ենք Մյունխենի թատրոնի մեներգիչ Գեորգի Օնիանիին։ Նա հայտնի է աշխարհում», – ասաց նա։

Նա նշեց, որ տենորների հրավիրելու պրակտիկան ընդունված է ամբողջ աշխարհում։ «Դա չի նշանակում, որ մենք չունենք կադրեր»,– ասաց տնօրենը՝ հավելելով, որ Ռադամեսի դերը կկատարեն նաև հայ մեներգիչները։ Իսկ Աիդայի դերը կկատարեն Մագդա Մկրտչյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Մնացականյանը և Մարինե Դեինյանը։

Բեմադրության ռեժիսորն է իտալացի Մարիո Կորրադին։ «Ռեժիսորի առումով մեր բախտը բերել է»,– նշեց Հովհաննիսյանը։

Խոսելով ներկայացման մասին՝ տնօրենը նկատեց, որ իրենց «ուժերից բարձր, պատասխանատու» գործ են սկսել։

«Շատ թատրոններ ռիսկ չեն անում «Աիդան» բեմադրել, մենակատարները իրենց կատարողական արվեստով պետք է բարձր մակարդակի լինեն»,– ասաց նա։

Օպերան բեմադրելու համար ծախսվել է 50 մլն դրամ։ «Աիդան» կներկայացվի նաև դեկտեմբերի 25–ին և 26–ին։