Վախճանվել է ամերիկահայ ռեժիսոր Միքայել Հակոբյանը
Դեկտեմբերի 10–ին 97 տարեկան հասակում Կալիֆոռնիայում մահացել է հայտնի ամերիկահայ կինոռեժիսոր Միքայել Հակոբյանը, որի շուրջ 70 փաստագրական և ուսուցողական ֆիլմերն արժանացել են ավելի քան 160 ազգային և միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Էմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգում։
Շուրջ 40 տարի Հակոբյանը մոտ 400 հարցազրույց է նկարահանել Հայոց ցեղասպանության ականատեսների և եղեռնից փրկվածների մասնակցությամբ։
Իսկ 1979 թ. հիմնադրել է «Հայկական ֆիլմ» հիմնադրամը, որի առաքելությունն էր էկրանավորել հայկական ժառանգության և կյանքի տարբեր կողմերը։ 2010թ. ապրիլին Հակոբյանն իր կնոջ`Անտուանետ Հակոբյանի և «Հայկական ֆիլմ» հիմնադրամի հետ պայմանգիր կնքեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամ- ինստիտուտի հետ, որը զբաղվում է Հոլոքոստը վերապրած հրեաների և այլ ականատեսների հիշողությունների տեսագրմամբ և պահպանմամբ։
Դեկտեմբերի 9–ին Հակոբյանը պետք է հանդիպեր «Շոա» հիմնադրամի հիմնադիր Սթիվեն Սփիլբերգի հետ՝ հիմնադրամի շրջանակում անցկացվող միջոցառումներից մեկի ժամանակ, սակայն մրսածության պատճառով չի կարողացել մասնակցել։ Սփիբելգը միջոցառմանը ներկա Հակոբյանի երկու գործընկերների միջոցով իր աջակցութունն է հայտնել հայերին։ Միջոցառման ընթացքում նաև բարձր է գնահատվել Հակոբյանի աշխատանքը։ Հակոբյանը, սակայն, մահացավ՝ այդ միջոցառման արդյունքների մասին տեղեկություն չստանալով, հայտնում է «Ասպարեզը»։
Հակոբյանը ծնվել է 1913թ. պատմական Հայաստանի Խարբերդ նահանգում, ապա Եղեռնից մազապուրծ եղած շատ հայերի պես նրա ընտանիքը 1922 թ. տեղափոխվել է ԱՄՆ։
Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում քաղաքական գիտությունների բակալավրի և մագիստորսի աստիճան ստանալուց հետո, Հակոբյանն իր ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում՝ գիտական աստիճան ստանալով կառավարման և միջազգային հարաբերությունների ոլորտում։
Ապա նաև դասավանդել է մի շարք համալսարաններում։ Դասավանդման ընթացքում նա հայտնաբերում է, որ շատ քիչ լավ ֆիլմեր կան, որոնք կարելի է ցույց տալ լսարանին, արդյունքում գալիս է այն եզրակացության, որ ինքն ի վիճակի է ավելի լավ փաստագրական ֆիլմեր ստեղծել։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոյի բաժնում երկու տարի սովորելուց հետո, նա սկսում է նոր կարիերա՝այժմ արդեն որպես գրող, ռեժիսոր և պրոդյուսեր։
1952թ. Հակոբյանը հիմնադրում է Atlantis Productions Inc–ը, որը սկսում է ֆիլմեր ստեղծել՝ ուսումնական հաստատություններում և հեռուստատեսությամբ ուսուցողական և տեղեկատվական նպատակներով օգտագործելու համար։
Նրա վաղ շրջանի ֆիլմերը պատմում են Հնդկաստանի, Նիգերիայի, Մերձավոր Արևելքի ժողովուրդների և մշակույթների, ինչպես նաև բնիկ ամերիկացիների մասին։ Նրա վաղ շրջանի ֆիլմերից է նաև հայտնի «Երուսաղեմ՝ տարբեր աշխարհների և ասիական աշխարհի կենտրոն» ֆիլմը, որն արժանացել է մի շարք մրցանակների։
1965թ. Հակոբյանը ստեղծում է «Որտեղ է իմ ժողովուրդը» ֆիլմը, որը ցուցադրվել է Լոս Անջելեսի հեռուստաալիքներով։ Այդ ժամանակից սկսած՝ հասկանալով, որ Եղեռնի ականատեսները մահանում են, սկսում է տեսագրել կենդանի մնացածներին և նրանց հիշողությունները։
Նա 17 փաստագրական ֆիլմ է ստեղծել հայկական ժառանգության, մշակույթի և պատմության վերաբերյալ։ 1976 թ. նա երկու «Էմմի» մրցանակ է ստացել «Մոռացված ցեղասպանություն» ֆիլմի համար, որը ցուցադրվել է KCET հեռուստաալիքով։
Վերջին ֆիլմը, որի սցենարը գրել և որը նկարահանել է Հակոբյանը, «River Ran Red» 58 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմն է, որով էլ հենց 2008թ. հոկտեմբերի 24–ին բացվեց 8–րդ ամենամյա «Arpa» միջազգային կինոփառատոնը՝ Հոլիվուդի Եգիպտական թատրոնում։ Ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը 2009թ. New York International Film & Video Festival–ի կողմից արժանացել է Լավագույն պատմական փաստագրական ֆիլմ մրցանակին, ինչպես նաև մի շարք այլ մրցանակների։
Հակոբյանը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից երկու անգամ ՝1984 և 2000 թթ., ճանաչվել է «Տարվա մարդ»։










