Հայտնաբերվել է Վարդգես Սուրենյանցի նոր կտավ

09:20 • 14.12.10

Մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակը նշանավորվեց մի շարք իրադարձություններով. նրան նվիրված գիտաժողով անցկացվեց, նրա մասին ֆիլմ նկարահանվեց, թողարկվեցին անվանական հուշադրամ և նամականիշ, նկարչի անվան մրցանակ սահմանվեց, և հայտնաբերվեց Սուրենյանցի` մինչ այդ արվեստասեր հանրությանն անհայտ գործ: «Կապիտալն» այս մասին պարզաբանումներ ստացավ արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) հայ գեղանկարի բաժնի վարիչ Արմեն Գասպարյանից: Ի դեպ՝ վերջինիս ներկայացրած մշակութային օջախում նոյեմբերի 26-ին բացվել և դեռ երեք ամիս ընթացքի մեջ է լինելու Սուրենյանցի 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդեսը:

-Պարոն Գասպարյան, ինչո՞վ է առանձնանում այս ցուցահանդեսը:

-Առաջին անգամ ներկայացված է Սուրենյանցի ողջ ստեղծագործական ժառանգությունը` և՛ գեղանկարով, և՛ գծանկարով, և՛ գրքի նկարազարդման տեսքով:…ՀԱՊ-ի հավաքածուից բացի` ներառված են գործեր, որոնք տեղափոխվել են Էջմիածնի վեհարանից` ընդհանուր առմամբ մոտ 250 գործ, այդ թվում` մինչ այժմ անհայտ մեկ աշխատանք:

-Ի՞նչ աշխատանք է դա, և որքանո՞վ է հավաստի դրա պատկանելությունը Սուրենյանցի վրձնին:

-Դա հայտնագործություն է, 1912թ. նատյուրմորտ ժանրի աշխատանք: Երևանում ցայսօր հայտնի չէր վարպետի գեղանկար նատյուրմորտ: Սուրենյանցի հիմնական ժառանգությունը ՀԱՊ-ում է. մենք ունենք մեկ գծանկար` փոքր ֆորմատի աշխատանք: Իսկ գեղանկար աշխատանքը գտնվեց Երևանի մասնավոր հավաքածուներից մեկում: Յուղաներկ տեխնիկայով բարձրարժեք գործ է: Դա նորություն է այն իմաստով, որ հանճարեղ վարպետը հանրությանը հայտնի էր բոլոր ժանրերով` նատյուրմորտից բացի: Գործը երկու անգամ հետազոտական տարբեր փուլեր է անցել` կտավի, հիմնաշերտի, ներկաշերտի, ձեռագրաբանական փորձաքննության, արվեստաբանական մաներայի և այլն: Այն, որ դա հենց Սուրենյանցի գործն է, հաստատում են նաև ստեղծագործական ձեռագրի դետալային անդրադարձը, ծավալային մշակումները, գունային հավասարակշռությունը: Այս նկարը թույլ է տալիս ասել, որ Սուրենյանցը նաև նատյուրմորտի լավագույն հեղինակներից է:

Ամենայն հավանականությամբ, Սուրենյանցն այդ գործն ստեղծել է իբրև նվիրատվություն: Նաև նրա անվան մրցանակ է հանձնվում մեկ այլ մեծ հայորդու` Տիգրան 2-րդի 2150-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդես-մրցույթին: Արքայից արքայի ծննդյան 2150-ամյակի առիթով Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի ղեկավարությամբ ու նախաձեռնությամբ կազմակերպված է միջոցառումների հոբելյանական մի ամբողջ շարք: ՀԱՊ-ում դեկտեմբերի 1-ին բացվել է մրցութային ցուցահանդես, որին մասնակցում են միայն գործող հեղինակներ` մեկական աշխատանքով և ոչ միայն թեմատիկ: Ի թիվս այլնի` լույս է տեսել մոտ 400-էջանոց գիրք` պատմաարվեստագիտական անդրադարձ Տիգրան Մեծին: