Անրի Վերնոյի անվան գրական փառատոնը մրցանակ է շնորհել արձակագիր Արեգ Ազատյանին
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել «Հայերեն գիրք 2010» Անրի Վերնոյի անվան միջազգային գրական փառատոնը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայ հեղինակներ՝ արձակագիրներ, դրամատուրգներ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ։
Փառատոնում երիտասարդ արձակագիր Արեգ Ազատյանին շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը «Հայ գրականության լավագույն հույսերից մեկը» կոչվող անվանակարգում։ Մրցանակը հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը։ Նրան հրավիրել են մասնակցելու օտարերկրյա այլ գրական փառատոների։ Այս մասին tert.am-ին հայտնեց արձակագիրը։
Հատուկ մրցանակների են արժանացել նաև պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը և ֆրանսահայ դերասան Ժակի Ներսիսյանը։
Փառատոնի պատվավոր նախագահն էր Ֆրանսիական TF1 հեռուստաընկերության ղեկավար Շարլ Վիլնյուվը։ Ժյուրիի կազմում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, անվանի դերասան՝ Ժակի Ներսիսյանը, ճանաչված մոդելավորող և Մարսելի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դիդյե Փարաքյանը, Սայաբալյան ինստիտուտի նախագահ Օհան Հեքիմյանը և այլք։
Փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։ Փառատոնին մասնակցել են այնպիսի ճանաչված հեղինակներ, ինչպիսիք են՝ Էլեն Կերիլիսը, Փիթեր Բալաքյանը, Ժան-Մարի Գառզուն և այլք։
Արևելահայ գրողներից 2006թ. ժյուրիի պատվավոր մրցանակին արժանացել է Պերճ Զեյթունցյանը։
Մրցանակի հեղինակն է աշարհահռչակ հայ քանդակագործ Թորոսը, որի քանդակները զարդարում են Ֆրանսիայի և այլ Եվրոպական երկրների բազմաթիվ փողոցներ ու պուրակներ։
Արեգ Ազատյանը ՀՀ գրողների միության անդամ է, ՀՀ նախագահի մրցանակակիր, «Ռուբեն Սևակ» մրցանակի դափնեկիր, չորս արձակ ժողովածուների հեղինակ, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, որոնք մասնակցել են ավել քան քսան միջազգային հեղինակավոր կինոփառատոների։










