Կայացավ Համահայկական նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը
«Անի» հյուրանոցում այսօր կայացավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կազմակերպած Համահայկական նկարչական մրցույթի մրցանաբաբաշխությունը։ Մրցույթին մասնակցել են Հայաստանի և Սփյուռքի ավելի քան 2000 երեխաներ, որոնք նկարել են «Իմ հայրենի բնաշխարհը», «Իմ երազանքների կենդանաբանական այգին», «SOS» և «Իմ երազանքների քաղաքը» թեմաներով։
Մասնակիցներից 50–ը եղել են Սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ–ից, Հունաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Բելառուսից, Վրաստանից, Սիրիայից և Ռուսաստանից։ Մրցույթն ընթացել է նաև օն–լայն քվեարկությամբ, և 3 ամիս շարունակ մրցույթին մասնակից նկարների օգտին քվեարկել են կայքի այցելուները։ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են 5–30 տարեկան երեխաներ և երիտասարդներ։
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողության մեկնարկից առաջ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հյուրանոցի նախասրահում բացված տաղավարներում ներկայացրեց իր ծրագրերը։ Տաղավարներից մեկում Հիմնադրամը ներկայացել էր բնապահպանական մի նախաձեռնություն, որն առաջարկում է գալիք Ամանորը նշել բնապահպանական ճիշտ վարքագծով։ Հիմնադրամը վարձակալության կամ վաճառքի հիմունքներով ցանկացողներին տրամադրում էր «կենդանի» ծառեր, այսինքն՝ հողով լի տարայում տնկված սոճիներ և եղևնիներ։ Դրանով հիմնադրամը կոչ է անում Սուրբ Ծնունդն ու Ամանորը չնշել հատված ծառով, որը տոներից հետո անմիջապես հայտնվելու է աղբանոցում, այլ ձեռք բերել «կենդանի» ծառ, որն այնուհետև հնարավոր է վերատնկել այգում։
Մրցանակաբաշխության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ, խրախուսական, ինչպես նաև ժյուրիի մրցանակներ հանձնվեցին մրցույթի երեք տասնյակ մասնակիցների։










