Շերը մաշկը ձգում է կպչուն ժապավենով

21:19 • 15.12.10

Հայազգի երգչուհի Շերը չի թաքցնում, որ բազմիցս ենթարկվել է պլաստիկ վիրահատությունների։ 64–ամյա երգչուհին հոլիվուդյան աստղերի շարքում պլաստիկ վիրահատությունների թվով առաջատար է։ Սակայն անգամ բժիշկներն ի զորու չեն օգնել դերասանուհուն, ինչը նրան դրդել է խնդիրը լուծել հին մեթոդով։

Նախօրեին Հոլիվուդի լեգենդն իր նոր ֆիլմի՝ «Բուրլեսկի» պրեմիերային ներկայացել է կպչուն ժապավենով ձգած դեմքով, հայտնում է segodnya.ua–ն։

«Բուրլեսկի» պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում, որին Շերը ներկայացել է Քրիստինա Ագիլերայի հետ։ Դերասանուհին կարմիր գորգի վրա հայտնվել է վառ շիկակարմիր կեղծամով և իր տարիքի համար բավականին համարձակ թափանցիկ զգեստով, ինչը, սակայն, այդքան չէր շփոթեցրել լուսանկարիչներին, որքան նրա դեմքին 2 կողմերից ամրացված թափանցիկ կպչուն ժապավենը։

Շերն անընդհատ ուղղել է արհեստական խոպոպները՝ փորձելով դրանց տակ թաքցնել ժապավենը, սակայն այն դավաճանաբար փայլել է տեսախցիկների արձակած լույսերի ներքո։

Պարզվում է, որ Շերը որոշել է կիրառել մաշկի ձգման հին հոլիվուդյան մեթոդը, երբ ծնոտի հատվածում կախ ընկած մաշկը ձգում և ֆիքսում են թափանցիկ կպչուն ժապավենով։

Այս մեթոդն այժմ կիրառում են նաև ներկայիս հոլիվուդյան աստղերը. ճիշտ է, ոչ թե դեմքի հատվածում, այլ լանջաբացվածքի (դեկոլտե) շրջանում՝ այդկերպ բարձրացնելով կուրծքը, երբ առանց կրծկալի բաց զգեստ են հագնում։