Չարենցի հայրական տունը հողին է հավասարեցվել. Սամվել Կարապետյան

14:48 • 16.12.10

Եղիշե Չարենցի հայրական տունն իրականում գոյություն չունի։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ կեղծիք համարելով թուրքական կողմի այն հայտարարությունները, թե Չարենցի հայրական տունը վերջերս վաճառքի էր հանվել։

Սամվել Կարապետյանը նշեց, որ հայ զբոսաշրջիկների տարբեր խմբերի թուրքերը տարբեր տներ են ցույց տալիս՝ ասելով. «Սա էլ Չարենցի հայրական տունը»։ «Իրենք այնքան խորամանկություն ու ավազակություն չունեն, որ տարբեր մարդկանց նույն փլված տունը ցույց տան»,- ընդգծեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Կարսի վերջին քահանայի թոռնուհին՝ երևանաբնակ Հեղինե Աբրահամյանը, հստակ մատնանշում է Չարենցի հայրական տան տեղը։ Նա ասում է, որ Չարենցի հայրը հարուստ է եղել, նրանք բնակվել են երկաթե կամրջի հարևանությամբ գտնվող սև, երկհարկանի և երկար տանը։ Կան այդ տան լուսանկարները։ Սակայն այսօր, ըստ Կարապետյանի, այդ թաղամասը հողին է հավասարեցվել և տեղը նորն է կառուցվել։