ՀՀ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների գործունեությունը համակարգողղ խորուհրդը 10 տարեկան է
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։ Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ համերգ, ինչպես նաև թատրոնի ֆոյեում ներկայացվեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների 11 համայնքների տաղավարները։ Ցուցահանդեսում ներկայացված էին նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից հրատարակված գեղարվեստական գրականություն, իսկ կրթության և գիտության նախարարություն կողմից հրատարակված դասագրքեր ազգային փոքրամասնությունների լեզուներով։
Միջոցառմանը մասնակցեցին Սերժ Սարգսյանը, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արմենուհի Դեմիրճյանը, Հայաստանում ազգային փոքրամասնություններ ապրել են դեռևս 100-200 տարի առաջ, սակայն միայն անկախությունից հետո է, որ նրանց խնդիրները դարձան պետական հոգածության առարկա։
«Սա երևույթ է, որովհետև Խորհրդային Միության փլուզումից հետո մեր երկրում չկար մի կառույց, որը զբաղվեր ազգային փոքրամասնությունների խնդիրներով»,- ասաց Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնի տնօրեն, ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը։ Նա միաժամանակ բարձր գնահատեց ՀՀ նախագահի աշխատակազմին կից վերոհիշյալ խորհրդի ստեղծումը։
Անդրադառնալով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրներին՝ Խոսրոևը նշեց, որ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունները որևէ խնդիր չունեն, որովհետև փոքրամասնությունների կրթամշակութային խնդիրները գտնվում են կառավարության հոգածության ներքո։
«Մենք այստեղ ապրելով ոչ միայն կարողանում ենք մեր ինքնությունը, մեր մշակույթն ու ավանդույթները պահպանել, այլև փոխադարձաբար հարստացնում ենք իրար»,- ասաց Հայաստանում ռուսական համայքնի «Ռոսիա» կազմակերպության նախագահ Յուրի Եկավենկոն։ Նա նշեց, որ Հայաստանի հետ իրենց համայնքը որևէ քաղաքական կամ այլ խնդիր չունի, հակառակը, հայերի հետ իրենց կապում են ընկերական հարաբերությունները և լավ համագործակցությունը։
Նշենք, որ ՀՀ նախագահի 2000թ. հունիսի 15-ի կարգադրությամբ հավանություն է տրվել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի ստեղծմանը։ Խորհուրդն ունի 22 անդամ, որոնք ընտրված են ՀՀ ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից, յուրաքանչյուրից՝ 2 հոգի։










