Հայկական հուշարձանների ոչնչացման համար Հայաստանն Ադրբեջանին պետք է դատի տա. հուշարձանագետ

13:50 • 16.12.10

Թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել հայկական հուշարձանները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ Հյուսիսային Արցախի, Նախիջևանի տարածքի հուշարձաններն ադրբեջանցիների ձեռքով շարունակվում են ոչնչացվել։ Կազմակերպության կողմից հավաքագրված փաստերը գրքի տեսքով կհրատարակվեն հաջորդ տարեսկզբին։ Ըստ Կարապետյանի՝ իրենք ունեն Գետաշենի, Մարտունաշենի և Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող այլ հայկական բնակավայրերում գտնվող հայկական հուշարձանների ավերման մասին փաստեր, լուսանկարներ։

Հուշարձանագետի խոսքով՝ այս բարբարոսությանը վերջ տալու համար հայկական կողմը պետք է վճռական քայլերի դիմի։ «Ամենալավ տարբերակը ամեն մի ավերված հուշարձանի համար հայկական կողմից դատական հայց ներկայացնելն է։ Այսօր միայն Ջուղայից ենք խոսում, բայց Նախիջևանի խորքերում գտնվող բոլոր հուշարձաններն էլ ոչնչացվել են։ Մինչև մենք չկպնենք Ադրբեջանի գրպանին, այս հարցը չի լուծվի»,- ընդգծեց մասնագետը։

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի ճարտապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ Հայաստանը պետական մակարդակով պետք է այս հարցը լուծի՝ հակադարձելով Ադրբեջանի քարոզչությանը։ «Մենք պետք է բազմալեզու գրեքեր հրատարակենք հայկական ճարտարապետության մասին, այնինչ աշխարհի տարբեր երկրներում ընթացող գիտաժողովներին ներկայանում ենք աղքատիկ նյութերով։ Պետական մակարդակով պետք է լուծել այս հարցը, քանի որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում քարոզչության վրա»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով թուրքական կողմի այն հայտարարություններին, թե ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական խաչքարերն իրականում ուտիներին են պատկանում՝ Սամվել Կարապետյանը նշեց. «Ուտիները հայ առաքելական եկեղեցու հետնորդներ են եղել, 1500 տարի ապրել են հայերի կողքին։ Ճշմարտությունը հետևյալն է՝ եթե մի ազգ երկար ժամանակ ապրում է այլ ազգի կողքին, դառնում է այդ ազգի մշակույթի կրողը։ Ուտիները հայ մշակույթի կրողն են եղել»։