People-ը հրապարակել է 2010–ի ամենահետաքրքիր անձանց ցուցակը

19:58 • 16.12.10

People ամսագիրը, ընթերցողների քվեարկության համաձայն, հրապարակել է 2010–ի ամենահետաքրքիր անձանց ցուցակը։ Տարվա կին միաձայն ճանաչվել է օսկարակիր դերասանուհի Սանդրա Բալոկը։

Ընթերցողները նրան առանձնացել են ոչ այնքան դերասանական ձեռքբերումների համար, որքան՝ հերոսական մայրության։ Այս տարի Բալոկը սևամորթ երեխա է որդեգրել և ամուսնալուծվել է։ Միայնակ մայրը, այդուհանդերձ, չի մոռանում իր կարիերայի մասին. 2011–ին լույս կտեսնի «Համբույր և տանգո» ֆիլմը, որի պրոդյուսերը հենց ինքը՝ Սանդրան է։

Դերասանուհին առաջին տեղն է զբաղեցրել նաև «ամենագթասիրտ աստղ» անվանակարգում։ 2010–ին նա նվիրատվություն է կատարել Նոր Օռլեանում բարեգործական հիվանդանոցի վերականգնման համար, որը մի քանի տարի առաջ փոթորկից մեծ վնասներ էր կրել։

Հիշեցնենք, որ 2010–ի օգոստոսին Սանդրա Բալոկը Forbes–ի կողմից ճանաչվել էր ամենապահանջվող ու ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղ։

People–ի այս ցուցակը բաղկացած է 25 կետից։ Տարվա զույգ, ըստ ընթերցողների, ճանաչվել են Բարաք և Միշել Օբամաները, իսկ «մեծ տրամաչափի թնդանոթ» տիտղոսին արժանացել է ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածու Սառա Փեյլինը։

«Արտաքին տեսքի փոփոխություն (մարմին)» անվանակարգում հաղթել է Քելլի Օսբորնը. Black Sabbath խմբի հիմնադրի դուստրը շատ է նիհարել. անգամ լուսանկարվել է բիկինիով, նշում է պարբերականը։ Մեկ տարվա ընթացքում դեպի լավն է փոխվել նաև դերասանուհի Ռիզ Ուիզերսպունը. նրան հաջողվել է հաղթահարել կնճիռները։

Նատալի Պորտմանին անվանել են «էկրանի մարգարիտ»՝ Դարեն Արանոֆսկիի «Սև կարապը» ֆիլմում նկարահանվելու համար։ Ռեփ խռովարարի կոչում է ստացել երգչուհի Նիկի Մանաժը, իսկ «տարվա խայտառակություն» տիտղոսը բաժին է ընկել Մել Գիբսոնին՝ ռուս դաշնակահարուհի Օկսանա Գրիգորևայից սկանդալային բաժանման համար։