Նիկիտա Միխալկովը լուսային ազդանշանով մեքենա է վարում՝ խախտելով օրենքը

12:25 • 18.12.10

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը շարունակում է երթևեկել լուսային ազդանշան ունեցող մեքենայով՝ հակառակ Ռուսաստանի Գլխավոր դատախազության կարգադրության։ Այս մասին հայտնի է դարձել «Московский комсомолец» պարբերականին, որի համաձայն՝ երկրի ՊՆ–ի Հանրային խորհրդի նիստին Միխալկովը ներկայացել է հատուկ լուսային ազդանշան ունեցող իր ջիպով։

Ինչպես գրում է պարբերականը, ռուսական օրենսդրությունը չի տարածվում ռեժիսորի վրա։ Դեռ սեպտեմբերին պաշտպանության նախարարությունը Միխալկովին լուսային ազդանշան ունեցող մեքենա էր տրամադրել։ Դատախազները պարզել են, որ ռազմական գերատեսչությունը խախտել է «նախագահի համապատասխան հրամանագրի», ինչպես նաև կառավարության «հատուկ լուսային և ձայնային ազդանշանների» մասին կարգադրության պահանջները։

Ավելի վաղ, ռեժիսորը հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինքն իրավունք ունի լուսային ազդանշանով մեքենա ունենալ, քանի որ ՊՆ–ի Հանրային խորհրդի նախագահն է, իսկ ավելի ուշ հեռուստաեթերում ընդգծել էր. «Այսպես եղել է միշտ և այսպես էլ միշտ կլինի»։