Արաբական աշխարհը բոյկոտել է Սփիլբերգին. ռեժիսորը դա չի նկատել

18:22 • 18.12.10

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հայտնվել է Արաբական երկրների լիգայի բոյկոտների կենտրոնի սև ցուցակում այն բանից հետո, երբ 2006թ. Լիբանանում հակամարտության ժամանակ որպես հանգանակություն Իսրայելին մեկ միլիոն դոլար էր հատկացրել։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։

ԱՄՆ դեսպանության հուշատետրը, որը հայտնի դարձավ WikiLeaks–ի«արտահոսքի» արդյունքում, ցույց է տալիս, որ 2007թ. ապրիլին տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ 14 արաբական երկրի ներկայացուցիչ և դիվանագետ «կողմ» է քվեարկել Սփիլբերգի ֆիլմերի և նրա հիմնադրամի այլ արտադրանքների վրա արգելք դնելու հարցին։

ԱՄՆ–ում գաղտնի ճեպազրույցի ժամանակ, Իսրայելի բոյկոտի հարցերով սիրիական շրջանային բաժանմունքի ղեկավար Մուհամեդ Ալ Աջամին հայտարարել է, որ Ալժիրը, Լիբանանը, Լիբիան, Քուվեյթը, Մարոկկոն, Պաղեստինի ինքնավարությունը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Սիրիան, Թունիսը, ԱՄԷ-ն և Եմենը Սփիլբերգի բոլոր աշխատանքները արգելելու շուրջ համաձայնության են եկել։

Մալայզիան, Իրանը, Պակիստանը և Ինդոնեզիան ևս մասնակցել են այդ նիստին և «կողմ» են քվեարկել այդ բոյկոտին։ Դամասկոսում ԱՄՆ դեսպանության կողմից Վաշինգտոն ուղարկված հուշատետրում ասվում է, որ արաբական երկրների նման վերոնշյալ երկրները ևս «կդնեն իրենց սեփական արգելքը»։

Վերոնշյալ նիստի ընթացքում Estee Lauder կոսմետիկ միջոցների գիգանտը ևս ներառվել է սև ցուցակում, իսկ ֆինանսական Merrill Lynch ընկերությունը մտել է, այսպես կոչված, «քննման ցուցակում»։

Այդ խորհրդակցությանը չեն մասնակցել միայն այն արաբական երկրները, որոնք առանձին հաշտության համաձայանգիր էին կնքել Իսրայելի հետ՝ Եգիպտոսը, Մավրիտանիան և Հորդանանը։ Ջիբութին և Սոմալին ևս չեն մասնակցել այդ խորհրդակցությանը։

Սթիվեն Սփիլբերգի մամուլի քարտուղար Մարվին Լևին այս կապակցությամբ հայտարարել է . «Չնայած մենք չենք կարող մեկնաբանել այդ հեռագիրը։ Մենք գիտենք, որ այդ ժամանակ ֆիլմերը և DVD սկավառակները սովորականի պես վաճառվել են ամբողջ աշխարհում»,– հայտնել է մամուլի քարտուղարը։