Հայոց ցեղասպանության փաստը ժխտող ֆրանսիացի դերասանը կմարմնավորի հայի կերպար
2011թ. սկսվելու են հայ–թուրքական հարաբերությունների մասին պատմող «Սուր և սրինգ» վերնագրով ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմում նկարահանվելու են այնպիսի աստղեր, ինչպիսիք են, օրինակ, բրիտանացի դերասան Ջուդ Լոուն և ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին, ինչպես նաև Գիյոմ Դելորմը։
Ֆիլմի հետ կապված որոշ մանրամասների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ ունեցած իր դիրքորոշման մասին թուրքական Hurriyet–ին է պատմել այցով Թուրքիայում գտնվող ֆրանսիական կինոյի աստղերից Գիյոմ Դելորմը։
Խոսելով ֆիլմի մասին՝ Դելորմը տեղեկացրել է, որ ֆիլմի մի մասը նկարահանվելու է Թուրքիայում՝ Վանում և Էրզինջանում, իսկ մյուս մասը՝ Ֆրանսիայում՝ Մարսել քաղաքում։ Ֆրանսիացի դերասանի խոսքով՝ ինքը նույնպես մասնակցում է ֆիլմի սցենարի մշակման աշխատանքներին և Մասրելում նկարահանվելիք տեսարաններն ամբողջությամբ ինքն է հեղինակել։
Ի պատասխան թուրք լրագրողի այն հարցին, թե «Ֆիլմում հիմնականում շեշտադրվելու է հայ–թուրքական բարեկամությունը։ Դուք ֆիլմում մարմնավորելու եք մի հայ երիտասարդի։ Ի՞նչ գիտեք հայկական հարցի մասին», Գիյոմ Դելորմն ասել է.
«Ֆրանսիայի խորհրդարանում ընդունվել է մի օրենք, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողները կտուգանվեն 25 հազար եվրոյով և կդատապարտվեն մինչև 5 տարվա ազատազրկման։ Այսպիսով Ֆրանսիայի խորհրդարանում դատապարվեց թուրքական պատմությունը։ Նման բան չի կարող լինել, դա անարդարացի է։ Այն խորհրդարան է, այլ ոչ թե դատարան։ Կարծում եմ՝ Հայկական հարցի առնչությամբ անարդարացի են վարվել Թուրքիայի հանդեպ։ Չեմ կարծում, որ դա Ցեղասպանություն է»։
Անդրադառնալով այն կերպարին, որին ինքը մարմնավորելու է ֆիլմում, ֆրանսիացի դերասանն ասել է. «Ես մարմնավորելու եմ Մարկոս անունով հայ երիտասարդի կերպարը։ Մարկոսն ու թուրք երիտասարդ Քերեմը սիրահարված են նույն աղջկան»։










