Բորիս Մոիսեևը ինսուլտով տեղափոխվել է վերակենդանացման բաժին
Ռուս երգիչ Բորիս Մոիսեևը Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժին է տեղափոխվել։ Նախնական ախտորոշմամբ՝ երգիչն ուղեղի կաթված է ստացել։ Այս մասին «Ռիա նովոստիին» հայտնել են երգչի մամուլի ծառայությունից։
56-ամյա երգիչն իրեն վատ է զգացել դեռևս կիրակի, սակայն կտրականապես հրաժարավել է հիվանդանոց տեղափոխվելուց։ Այդ նույն գիշերը, սակայն, նրա մերձավորները բժիշկների խումբ են հրավիրել։ Իսկ հիվանդանոց հասնելուն պես՝ երգչին տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ապա նաև համակարգչային տոմոգրաֆիա են իրականացրել։
Երգչի վիճակն առայժմ գնահատվում է ծանր, նրա կողքին մշտապես հերթապահում են բժիշկները։
Իսկ երգիչն իր մամուլի ծառայության միջոցով փոխանցել է, որ «ամեն ինչ լավ է լինելու» և խնդրել է չվախեցնել իր երկրպագուներին։
Նշենք միայն, որ վերջին երկու ամիսների ընթացքում երգիչը ավելի քան 40 համերգ է տվել, ինչպես նաև նկարահանվել է մի շարք ամանորյա ծրագրերում, որոնք կցուցադրվեն ՌԴ և Ուկրաինայի հեռուստաեթերներով։ Իսկ դեկտեմբերի 21–ին երգիչը պետք է ներակայացներ իր նոր՝ «Ես չեմ կարող քեզ կորցնել» տեսահոլովակը, որը, սակայն, հետաձգվել է։










