Իրանցի հայտնի ռեժիսորը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Իրանցի հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ըստ նրա փաստաբան Ֆարիդա Գեյրատի՝ իրանական իշխանությունները ռեժիսորին մեղավոր են ճանաչել «Իրանի պետական համակարգը խարխլելու» համար։
«Իմ հաճախորդը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման քարոզչական նյութեր հավաքելու և տարածելու համար, որոնք խարխլում են իրանական հասարակության և համակարգի հիմքերը»,- դատարանի վճիռը մեկնաբանել է փաստաբանը։
Բացի այդ, Փանահիին արգելել են զբաղվել ստեղծագործական գործունեությամբ՝ նկարահանել ֆիլմեր և գրել սցենարներ։ Նրան նաև արգելել են դուրս գալ Իրանի սահմաններից և շփվել մամուլի հետ։
Ֆարիդա Գեյրատը հայտարարել է, որ Փանահին մտադիր է բողոքարկել այն։
Իրանի իշխանությունները Փանահիին համարում են երկրում 2009թ. ըմտրություւններից հետո սկիզբ առած ընդդիմության բողոքի ակցիաները հրահրողներից մեկը։ Ընդիիմությունն այդ ընտրությունները կեղծված էր համարում։
Այս տարվա մարտին Փանահին ձերբակալվել էր ընդդիմությանն աջակցելու մեղադրանքով, բայց նրան արդյունքում ազատ արձակեցին միջազգային հանրության ճնշման ներքո։
Դիմելով դատարանին՝ ռեժիսորն ասել է, որ դարձել է անարդարության զոհ և իրեն ուղղված մեղադրանքները «ծիծաղելի» է համարում։
Ջաֆար Փանահին բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է։










