Երևանը պատրաստ է տոներին. ներկայացվել է տոնական միջոցառումների ժամանակացույցը

18:31 • 22.12.10

Երևանի քաղաքապետարանի ծրագրով մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել ամանորյա տոնական մի շարք միջոցառումներ։ Այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսում մշակույթի և տուրիզմի, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետերը մանրամասնել են ամանորյա միջոցառումների անցկացման ժամանակացույցը։

Ամանորյա միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դեկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո դրանք կշարունակվեն մայրաքաղաքի կենտրոնում:

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ից, Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ և վիկտորինաներ։
Երեկոյան՝ ժամը 23։00-ից, կսկսվի տոնական համերգը՝ էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժամը 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր։

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին՝ երեկոյան ժամը 18:00-22:00-ն, Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

Դեկտեմբերի 6-ից Ազատության հրապարակում տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են. ժամը 15:00-18:00-ն այստեղ անց են կացվում ցերեկային համերգային ծրագրեր՝ մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը։

Այս տարի հագեցած կլինեն նաև միջոցառումները սահադաշտի վերածված Կարապի լճում: Այստեղ դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի ցուցադրական ելույթներ` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ-պար՝ գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։

Սահադաշտում օրական 30 րոպե տևողությամբ կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Դեկտեմբերի 17-ին արդեն ավարտվել են մայրաքաղաքի տոնական ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի ունի 31 մետր բարձրություն: Այն զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառը զարդարում են նաև 32 000 լուսադիոդային լամպերը:

Մայր տոնածառը հավաքվել է եղևնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո: Վարչական բոլոր շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Այս տարի նոր ծրագրավորմամբ է իրականացվել մայրաքաղաքի տոնական լուսավորությունը: Գիշերային տոնական լույսերով են զարդարված ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնը, այլև վարչական մյուս շրջանները։

Բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն նաև ներքաղաքային տրանսպորտի երթևեկության ժամանակացույցում։

2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը. մինչև հունվարի 1-ը Երևանի մետրոպոլիտենը և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտը կաշխատեն մինչև ժամը 01։00-ն: 2011թ.-ի հունվարի 1-9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24։00-ին: 2011թ.-ի հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա գրաֆիկով։