Էբբի–ռոուդի բիթլզյան «զեբրը» ճանաչվել է ազգային մշակութային ժառանգություն

12:16 • 23.12.10

Լոնդոնի Էբբի–ռոուդ փողոցի հետիոտների անցումը, որի վրա լուսանկարվում ու նկարչի առջև կեցվածք էին ընդունում լեգենդար «Բիթլզի» անդամները, ընդգրկվել է մշակութային ժառանգության պաշտպանվող օբյեկտների ցանկում։ Որոշումն ընդունել է Մեծ Բրիտանիայի Մշակույթի, ԶԼՄ–ների ու սպորտի նախարարությունը։

«Դա «Բիթլզի» միջազգային համբավի ֆանտաստիկ ճանաչում է, երբ արդեն ավելի քան 40 տարի այս անցումը շարունակում է գրավել հազարավոր այցելուների, որոնք փորձում են ստեղծել Abbey Road ալբոմի լեգենդար շապիկի նմանակումը»,– ըստ «Ռիա նովոստիի»՝ ասել է Մեծ Բրիտանիայի մշակութային ժառանգության և տուրիզմի հարցերի նախարար Ջոն Փենրոուզը, որը խոստովանել է, որ լոնդոնյան «զեբրը» ոչ դղյակ, ոչ էլ տաճար է՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ճանապարհային նշագծի այս հատվածը, շնորհիվ «Բիթլզի», դարձել է «ազգային մշակութային ժառանգություն»։