Սերժ Ավետիքյանը կմարմնավորի Փարաջանովին

19:17 • 23.12.10

2014թ. կլրանա ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը։ Այդ հոբելյանի նախաշեմին ուկրաինական «Ինտերֆիլմ» կինոստուդիան ֆրանսիական, հոլանդական, հայկական և վրացական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ մտահղացել է հավակնոտ մի նախագիծ՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի հեղինակի կենսագրությունը։

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա սեպտեմբերին Վրաստանում և կավարտվեն 2012թ.–ին։

Գլխավոր դերում հանդես կգա ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, որը նաև ֆիլմի ռեժիսորն է։

«Ես չեմ ուզում միայն արտաքնապես նմանվել ֆիլմի հերոսին,– ասում է դերասանը։ –Չնայած այն բանին, որ ես արդեն երեք շաբաթ է, ինչ մորուք եմ պահում, ինձ ավելի շատ անհանգստացնում է, թե ինչպես կերտել կերպարը ներքուստ»։

Հետաքրքիր է, որ Փարաջանովի ընկեր Ռոման Բալայանը հրաժարվել է լինել ֆիլմի ռեժիսորը։

«Ինձ համար դժվար կլիներ աշխատել ֆիլմի վրա որպես ռեժիսոր,– խոստովանել է Ռոման Գուրգենովիչը, որը նախագծում կլինի կրեատիվ պրոդյուսեր։– Ես շատ լավ էի ճանաչում Փարաջանովին, իսկ դա իր հետքը կթողներ ֆիլմի վրա»։

Ֆիլմի բյուջեն կազմել է մոտ 2 միլիոն եվրո։ Նախագծի ստեղծմանը և ֆինանսավորմանը միանալու պատրաստակամություն է հայտնել նաև Ուկրաինայի կինեմատոգրաֆիայի պետծառայությունը, որը առաջիկա 2 տարիների ընթացքում նախատեսում է ֆիլմի արտադրության համար հատկացնել բյուջեի կեսը։

Սերժ Ավետիքյանը ծնվել է 1955թ. Երևանում։ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա կարճամետրաժ «Շան պատմություններ» ֆիլմը այս տարի Կաննի փառատոնում անժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։