Վենետիկի քաղաքապետը կողմ է զբոսաշրջիկների համար հարկ սահմանելուն
Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին պաշտպանել է զբոսաշրջիկների համար օրական մեկ եվրո (1.3 դոլար) հատուկ հարկ սահմանելու առաջարկը։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Դեկտեմբերի 22–ին Վենետիկում և Ֆլորենցիայում «տուրիստական» հարկ սահմանելուն հավանություն էր տվել նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ նմանատիպ հարկ կսահմանվի նաև Հռոմում։
Ըստ Օրսոնիի՝ հարկերի հաշվին Վենետիկը կարող է զգալիորեն համալրել քաղաքային բյուջեն և այդ միջոցներն օգտագործել պատմական հուշարձանների պահպանման համար։ Վենետիկը, որտեղ ապրում է 59 հազար մարդ, տարեկան ընդունում է 20 միլիոն զբոսաշրջիկ։
Հոկտեմբերին թանգարանի աշխատողները և ճարտարապետները քննադատել էին Օրսոնիին՝ քաղաքի պատմական շինությունների վրա գովազդային ցուցանակներ տեղադրելու համար, որոնք «լիովին փչացնում են» աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տպավորությունը։ Իր հերթին Օրսոնին հայտարարել է, որ գովազդների տեղադրումը հուշարձանների վերանորոգման համար միջոցներ է բերում քաղաքային բյուջե, և քաղաքապետարանը քննադատողներին անվանել է «հիմար և ոչ կոմպետենտ»։
Հարկ է նշել, որ դեկտեմբերի 21–ին նմանատիպ «տուրիստական» հարկ է առաջարկել մտցնել նաև Սանկտ–Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն։ Նա ընդգծել է, որ պետք է հասնել հարկ սահմանելուն, քանի որ «1 եվրոն փող չէ»։










