Եթե ցանկություն լինի, որ ես պաշտոնանկ լինեմ, խնդիր չունեմ. Հասմիկ Պողոսյան

17:38 • 25.12.10

«Ես երբեք չեմ սիրում ինքս ինձ որևէ գնահատական տալ, թե ինչպիսի կին եմ, ինչպիսի մայր եմ, ինչպիսի նախարար եմ, ինչպիսի չինովնիկ եմ։ Այդ չինովնիկին թող գնահատական տան այլ մարդիկ։ Ես ինքս ինձ երբեք գնահատական չեմ տալիս, դա իմ սկզբունքն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Սակայն հաջորդ վայրկյանին նախարարը նշեց, որ ինքն իր մեջ իր գործողություններին գնահատական տալիս է. «Դա անում եմ ամեն օր, դա իմ գնահատականն է և ոչ մեկին չի վերաբերում»։

Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության մասին լուրերին՝ ապա նա նշեց. «Եթե ցանկություն լինի, որ ես պաշտոնանկ լինեմ, ես խնդիր չունեմ։ Ես աշխատում եմ, կատարում եմ իմ պարտականությունները, և որոշումը ես չեմ կայացնում»։

Ամփոփելով մշակութային տարին՝ նախարարը մեծ ձեռքբերում համարեց ՅՈւՆԵՍԿՕ-ի այն որոշումն, ըոտ որի՝ Երևանը 2012թ.-ին գրքի մայրաքաղաք է հռչակվել։ Բացի այդ, որպես հայկական ավանդական արվեստ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում են ընդգրկվել հայկական խաչքարն ու խաչքարագործությունը։ Տարվա ընթացքում ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն ցանկի մեջ էլ Արամ Խաչատրյանի ձեռագրերն են ընդգրկվել։

Նախարարը տարվա ձեռքբերումներից առանձնացրեց նաև «Աիդա» օպերայի բեմադրումը։

Կարևորելով մշակութային արժեքների հաշվառման գործընթացը՝ նախարարը նշեց, որ այս տարի շուրջ 1 մլն մշակութային արեժքների վերահաշվառման, վերագրանցման, լուսանկարում, թվայնացման աշխատանքներ են կատարվել։

«Մենք կարողացանք ֆոնդային շատ աշխատանքներ վեր հանել և տարբեր ֆորմատներով վերարտադրել։ «Մշակութային ժառանգություն» և «Թանգարանային գիշեր» օրերի շրջանակներում կարողացանք մեծ քանակությամբ այցելուների ներգրավել դրանց ծանոթանալու գործում»,- նշեց նա։

Այս տարի պետական ֆինանսավորում է ստացել 17 թատերական ներկայացում։ Անգամ, ոչ պետական թատրոններն են պետական աջակցություն ստացել։

«Այս տարվա համար նախանշված ծրագրերն իրականացվել են, սակայն սա չի նշանակում, շատ բաներ են արվել։ Մի նորանկախ երկրում, որտեղ երկար տարիներ չեն ֆինանսավորվել մշակութային ծրագրեր, չեն վերականգնել մշակութային օբյեկտներ, շատ դժվար է միանգամից ծրագրեր իրականացնել»,- դժգոհեց Հասմիկ Պողոսյանը։