Հայաստանում մշակույթի վերականգնողական կենտրոններ կստեղծվեն

15:02 • 25.12.10

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նշեց, որ ոլորտում անելիքներ շատ կան, սակայն ժամանակը չի բավարարում։

Ըստ նրա՝ չի կանոնակարգվում հուշարձանների վերականգնման գործընթացը։ «Կար գումար, որը տրվում էր միայն վերականգնման համար։ Սակայն գործընթացն ինքը պահանջում է նախնական պեղում, մոնիթորինգի իրականացում, քաղաքականության մշակում։ Այսինքն՝ այս բոլոր գործընթացների համար պետք է և բյուջետային գումարներ ունենալ»,- նշեց նախարարը։

Այս տարի նախարարությունը չի հասցրել վերապատրաստել հուշարձանների վերականգնման մասնագետներին։ «Ցավոք, այդ համակարգը չկա Հայաստանում։ Նախորդ տարի պետք է գրանտային ծրագիր կնքվեր Իտալիայի կառավարության հետ, որը ինչ-ինչ տեխնիակական, իրավաբանական պատճառներով հետաձգվեց։ Այսօր մեր գործընկերները մեզ հավաստիացում են, որ մարտի 1-ից կմեկնարկի ծրագիրը, և շուրջ 1 տարի տևողությամբ ծրագրի արդյունքում մենք ակնկալում ենք ունենալ մեծ արդյունք»,- նշեց նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանում կստեղծվեն չորս՝ պատմամշակության հուշարձանների, որմնանկարների, կերպարվեստի գործերի, հուշարձանների վերականգնողական կենտրոններ։ Մասնագետներ վերապատրաստող այդ կենտրոնները նաև տեխնիկապես կհագեցվեն։

«Սա շատ կարևոր ծրագիր է, որի արդյունքում մենք այլևս չենք մտածի, օրինակ, թե ինչպես վերականգնենք Սարյանի կտավները»,- նշեց նախարարը։