Աչքի լույսի պես ենք պահում Սունդուկյանի թատրոնը. նախարարը հերքում է թատրոնի վաճառքի մասին լուրերը

17:01 • 25.12.10

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վաճառքի մասին լուրերն անհիմն են։ Այս մասին այսօվա տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ զարմանալով ու բարկանալով, թե ինչպես կարող են նման լուրեր տարածվել հասարակության մեջ։

«Ո՞վ է հանդգնելու երբևիցե նման բան անել։ Ո՞վ է ավելի հայ, քան այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են այս ոլորտը։ Ո՞վ է իրեն թույլ տալիս այդպիսի հայտարարություններ անել։ Ի՞նչ է նշանակում հասարակության մեջ այդպես թեթև, իմիջիայլոց տարածել այդ կարգի բամբասանք։ Ի՞նչ է դա նշանակում, դա նշանակում է, որ դու չես հարգում ոչ քո ժողովրդին, չես հարգում քո երկիրը, դու չես հարգում քո մայր թատրոնը։ Ես կարծում եմ, որ հասարակությունը այդ կարգի մարդկանց պետք է տա իր գնահատականը։ Չի կարելի նման բաներ հեշտությամբ գցել ժողովրդի մեջ և դրա համար պատասխանատվություն չկրել։ Չի կարելի, ոչ մեկին այդ իրավունքը տրված չէ»,- վրդովված ասաց նախարարը։

Ըստ նրա՝ Սունդուկյանի անվան թատրոնը մեր ազգային հարստությունն է, անկախ նրանից, թե տարբեր ժամանակներում ինչ ստեղծագործական գործընթացներ են այստեղ ընթացել։ «Մենք աչքի լույսի պես ենք պահում մեր օպերային թատրոնը, մեր Սունդուկյանի թատրոնը։ Եթե մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք դժվարություններ, դա չի նշանակում... Միշտ էլ կան այդ դժվարությունները։ Ինչո՞ւ ենք մենք մոռանում մեր պատմությունը։ Նույն Սունդուկյան թատրոնի պատմությունը մենք ինչո՞ւ ենք մոռանում այդպես հետշությամբ։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե այս մեկ-երկու տարի է՝ Սունդուկյանի թատրոնում ինչ-որ բան է կատարվում։ Ոչ մի բան էլ չի կատարվում, ինքն ուղղակի ունի տարբեր փուլեր, տարբեր գործընթացներ, ստեղծագործական կրիզիսային գործընթաց է լինում, խնդիրներ են լինում։ Դա բնականոն է աշխարհի բոլոր թատրոնների համար։ Ով փորձում է այդ կարգի թեմաները շահարկել, թող իմանա, որ դա միայն մշակույթի նախարարության խնդիրը չէ, հասարակությունը պետք է դրան գնահատականներ տա։ Չի կարող այդպիսի թեմա լինել, չի կարող, չկա այդպիսի թեմա»,- շարունակեց հերքել Հասմիկ Պողոսյանը։

Նախարարը նշեց, որ արդեն 5 տարի է՝ այս պաշտոնն է զբաղեցնում, սակայն այդ ընթացքում մշակույթի ոլորտում անգամ 1 քմ տարածք չի օտարվել։ Տեղի է ունեցել հակառակ գործընթացը. «Մենք մշակույթի նախարարությանն այս տարիների ընթացքում հետ բերեցինք շատ մշակութային կազմակերպություների շենքեր, որոնք մշակույթի նախարարության ենթակայությունից դուրս էին բերվել»։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն, ըստ նախարարի, տարին ամփոփել է բարեհաջող, այնպես, ինչպես նախօրոք հայտարարել էր ինքը։ Թատրոնի գլխավոր ռեժիսորի հարցը կլուծվի առաջիկայում։

Իսկ մինչ այդ, թատրոնում ներկայացումները բեմադրվում են տարբեր ռեժիսորների մասնակցությամբ։

Թատրոնում այս տարի կայացել է 4 պրեմիերա։