Հայաստանը մասնակցել է Աթենքի «Ավանդական արտադրանք» առևտրային ցուցահանդես-փառատոնին
Օրերս Աթենքի «Էքսպո» ցուցահանդեսային համալիրում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Գործարար խորհրդի հովանու ներքո կայացել է «Ավանդական արտադրանք» առևտրային ցուցահանդես-փառատոնը, որտեղ մի շարք երկրների ազգային տաղավարների կողքին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ բացվել է նաև հայկական տաղավար:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նմանօրինակ բնույթի միջոցառմանը առաջին անգամ մասնակցել է Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատը, որը վերագործարկվելով երկարամյա ընդմիջումից հետո` աստիճանաբար ավելի է ընդարձակում իր գործունեությունը: Հայաստանից ներկրումներով զբաղվող` պալատի անդամները տաղավարում ներկայացրել են հայկական տարբեր արտադրանք, այդ թվում` կոնյակ, գինիներ, ժամացույցներ և այլն:
Միաժամանակ, Զարգացման հայկական գործակալության հետ համագործակցությամբ տաղավարում ցուցադրվել են և այցելուներին բաժանվեցին հայաստանյան ընկերությունների և Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվական և գովազդային նյութեր:










