Եկեք այսօրվանից պատրաստվենք Սուրբ Կիրակոսի բացմանը. խորհուրդ է տալիս թուրքագետը
«Հայաստանը սխալ արեց, որ չուղարկեց պատվիրակություն Աղթամար։ Խոսքը ոչ թե պաշտոնական, այլ անգլերենի իմացությամբ 50–60 հոգանոց փորձագիտական պատվիրակության մասին է, որոնք բուկլետներով զինված կգնային և միջազգային լրահոսին կփորձեին հասցնել հայկական տեսակետը»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Նա նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունեցած խնդիրների մասին խոսում է իր երկրում, իր լեզվով, բայց դրանով «մենք մեզ ենք զվարճացնում, այսինքն՝ մենք դա չենք անում արտասահմանցիների, թուրքերի համար, ինչը պետք է անենք։ Ես հույս ունեմ, որ եկող տարի Սուրբ Կիրակոս եկեղեցու բացմանը մենք այդ սխալը կուղղենք»։ Թուրքագետն այն կարծիքին է, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու բացմանը հայկական կողմը պատշաճ կերպով չմասնակցեց անպատրաստ լինելու պատճառով։
«Աղթամարի համար պատրաստ չէինք և կարելի է ասել՝ հանկարծակիի եկանք։ 2011–ի համար մենք գիտենք, որ բացվելու է Սուրբ Կիրակոսը. եկեք այսօրվանից պատրաստվենք, պատրաստենք այդ 50 հոգանոց պատմաբանների, միջազգայնագետների, իրավաբանների և մշակութաբանների խումբը, որոնք լավ գիտեն անգլերեն, ու գնանք, մասնակցենք բացմանը։ Ոչինչ, թող մի երկու հոգու էլ ձերբակալեն, ավելի լավ, շատ ավելի մեծ աղմուկ կլինի ու շատ ավելի ցույց կտանք Անկարայի կեղծ երեսը»,– ասաց թուրքագետը։










