Վախճանվել է ջազային դաշնակահար Բիլլի Թեյլորը

10:48 • 30.12.10

Նյու Յորքում 89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ջազ դաշնակահար և երգահան, «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր Բիլլի Թեյլորը, հաղորդու մ է Associated Press–ը։ Երաժիշտը մահացել է երեքշաբթի օրը սրտի նոպայից։

Թեյլորը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգում , բայց մանկության մեծ մասն անցկացրել է Վաշինգտոնում։ Քոլեջը ավարտելուց հետո նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսվել է ջազ դաշնակահարի կարիերան։ Որոշ ժամանակ անց նա ստեղծել է The Billy Taylor Trio երաժշտական խումբը։

Արդյունքում Թեյլորը նվագել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Չարլի Պարկերը, Դիզզի Գիլլեսպին, Մայլզ Դևիսը։ Բացի այդ նա առաջին սևամորթն էր, որ 1950-ական թթ. գլխավորել է ստուդիական նվագախումբը։

Թեյլորը իր ամենակարևոր նվաճումը համարում է CBS–ի եթերում իր համագործակցությունը Sunday Morning show ծրագրի հետ, որի թողարկումներից մեկն էլ 1983. արժանացել է «Էմմի» հեղինակավոր հեռուստատեսային մրցանակի, գրում է Лента.ру–ն։

Թեյլորը նաև հիմնել է Jazzmobile կազմակերպությունը, որի նպատակը Ամերիկայում ջազի մասսայականացումն էր։ Դրա գործունեության շրջանակներում կազմակերպել է ջազ համերգներ, փառատոններ և այլ միջոցառումներ, որոնք ամենալայն հանդիսատեսին ծանոթացրել են ջազի հետ։ 1977-1982թթ. ընթացքում Թեյլորը եղել է National Public Radio մասսայական ջազ շուի վարողը։