Ռուսական ամենաշահութաբեր կինոնկարը՝ Наша Russia: Яйца судьбы
2010թ-ին ռուսական ամենաշահութաբեր ֆիլմը Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ Наша Russia: Яйца судьбы կինոնկարն է։
Երկրորդ տարին անընդմեջ նվազել է ռուսական ֆիլմերից ստացված հասույթը։ 2010–ին արտադրված 69 ռուսական կինոնկարներից միայն 6–ն են ծածկել իրենց ծախսերը։ 69 ֆիլմեր հավաքել են ընդամենը 154 մլն դոլար, այսինքն՝ ԱՊՀ–ի կինովարձույթի ընդհանուր հասույթի 14,5%–ը։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով Кинобизнес сегодня ամսագիրը։
Ամենահաջող նախագիծ է ճանաչվել ծաղրանմանակող Наша Russia: Яйца судьбы կատակերգությունը, որը հավաքել է ավելի քան 22 մլն դոլար՝ ֆիլմի ստեղծման համար 3,5 մլն դոլար ծախսի դիմաց։
Իրենց արտադրական ծախսերը ծածկած ֆիլմերի շարքում են ընդգրկվել նաև Черная молния–ն, որը հավաքել է 19,7 մլն դոլար՝ 8 մլն դոլար բյուջեի դեպքում, 7 մլն դոլար բյուջեով Кандагар–ը՝ 14,8 մլն դոլար, 12 մլն դոլար հավաքած О чем говорят мужчины ֆիլմը՝ 2 մլն դոլարից պակաս բյուջեով, 3 մլն դոլար բյուջեով Любовь в большом городе-2–ն՝ 10 մլն դոլար և 6,5 մլն դոլար բյուջեով Темный мир в 3D կինոնկարը՝ 8,3 մլն դոլար։
Ֆիլմի վարձույթի տարին հաշվվում է դեկտեմբերի 1–ից մինչև նոյեմբերի վերջին շաբաթը։ 2010–ին ընդհանուր առմամբ արտադրվել է վարձույթի համար նախատեսված 338 ֆիլմ, որոնցից 102–ը ցուցադրվել են միայն սահմանափակ վարձույթով։ Ֆիլմերից ստացված ընդհանուր գումարը ռեկորդ է սահմանել՝ կազմելով 1,055 մլրդ դոլար։
ԱՊՀ երկրներում վարձույթից ստացված գումարի չափով բացարձակ առաջատար է ճանաչվել Ջեյմս Քեմերոնի «Ավատարը», որը հավաքել է 117 մլն դոլար, ինչպես նաև «Շրեկն ընդմիշտ» մուլտֆիլմը (51,3 մլն դոլար) և Թիմ Բերտոնի «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը (42 մլն դոլար)։










