Ջեքսոնի թիկնապահը պատմել է, թե ինչպես է հավաքել սրվակները

19:05 • 06.01.11

Ջեքսոնի թիկնապահը պատմել է, թե ինչպես է բժիշկ Կոնրադ Մյուռեյի խնդրանքով երգչի մահից անմիջապես հետո հավաքել բժշկական պատրաստուկների սրվակները և կաթոցիկները։

Նախնական լսումների ժամանակ, երբ Մյուռեյին մեղադրանքներ են ներկայացվել ոչ կանխամտածված սպանության համար, թիկնապահ Ալբերտո Ալվարեսը մանրամասն վկայություն է տվել, թե ինչ է կատարվել Ջեքսոնի մահից անմիջապես հետո։
Ալվարեսի խոսքերով` Մյուռեյն իրեն կանչել է Ջեքսոնի սենյակ և հայտնել, որ շատ սարսափելի բան է տեղի ունեցել, այնուհետև կարգադրել է հավաքել տարբեր բժշկական սարքավորումները և միայն դրանից հետո շտապօգնություն կանչել։

Թիկնապահը պնդում է, որ այդ ժամանակ երգչի մարմինը գտնվում էր մահճակալի վրա՝ բաց աչքերով և բաց բերանով։
Բացի այդ, լսումների ընթացքում շտապօգնության բժիշկ Ռիչարդ Սենեֆը դատարանին հայտնել է, որ Ջեքսոնի բժիշկը իրեն չի ասել, որ երգչին ներարկում է պրոպոֆոլ՝ արագ ներգործող անզգայացուցիչ միջոցներ։ Նրա խոսքերով` Մյուռեյն ասել է, որ երգչին բուժում է ջրազրկումից։

Շտապօգնության աշխատակիցը հայտնում է, որ Ջեքսոնն այնքան գունատ և տանջահար տեսք ուներ, որ ինքը նույնիսկ միանգամից չի հասկացել, թե ում հետ գործ ունի։
Մեղադրանքի համաձայն` հունիսի 25-ի առավոտյան Մյուռեյը Ջեքսոնին ներարկել է մեծ քանակությամբ պրոպոֆոլի դեղաքանակ, իսկ մինչ այդ՝ գիշերվա ընթացքում նա երգչին տվել է որոշ այլ ցավազրկող դեղամիջոցներ։

Դատախազությունը համոզված է, որ բժշկի գործողությունները այնքան են հակասում բժշկական նորմերին, որ դրանցում կան անզգույշ սպանության դրսևորումներ։

Եթե Մյուռեյի դեմ մեղադրանքները հաստատվեն, նա բանտում կանցկացնի մինչև 4 տարի։
Ինքը` բժիշկը, չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ իր գործողությունները Ջեքսոնի մահվան պատճառ չեն եղել։
Ավելի վաղ դատարանը հաստատել էր, որ Ջեքսոնի մահվան պատճառը եղել է պրոպոֆոլի և այլ դեղամիջոցների չարաշահումը: