Վախճանվել է Անահիտ Բայանդուրը

15:37 • 07.01.11

Կյանքի 71-րդ տարում այսօր առավոտյան վախճանվել է հայտնի թարգմանչուհի, իրավապաշտպան և հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով հանգուցյալի մերձավոր շրջապատին:

Նույն աղբյուրի վկայությամբ` Անահիտ Բայանդուրը սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Անահիտ Բայանդուրը առավելապես հայտնի է իբրև Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունների հեղինակ: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ինչից հետո առավելապես զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ:

1992 թ.-ին Անահիտ Բայանդուրը արժանացել է Ուլոֆ Պալմեի անվան հեղինակավոր մրցանակին:
Հիշեցնենք, որ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը տեղեկություն էր տարածել, ըստ որի` hունվարի 6-ին Երևանի Տերյան 57 շենքի իր բնակարանում անօգնական վիճակում հայտնաբերվել է հայտնի Անահիտ Բայանդուրը: Հաղորդվում էր, որ փրկարարները կնոջը հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին: