Ռոբերտ դե Նիրոն կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին

18:32 • 10.01.11

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն կգլխավորի մայիսի 11–22–ը Ֆրանսիայի Լազուրի ափին կայանալիք Կաննի միջազգային 64–րդ փառատոնի ժյուրիի կազմը։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը՝ վկայակոչելով կինոֆորումի կազմկոմիտեն։ Ամերիկյան դերասանն արդեն 2 անգամ արժանացել է այդ պատվին։

«Ռոբերտ դե Նիրոն իր դերասանական կարիերայի ամենասկզբից սերտորեն կապված է Կաննի կինոփառատոնի հետ, քանի որ Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» կինոնկարը, որտեղ դե Նիրոն կատարում է գլխավոր դերը, Կաննում 1976–ին արժանացել է «Ոսկե արմավի ճյուղի»,– իր հայտարարությունում ընդգծել է փառատոնի նախագահ Ժիլ Ժակոբը և նրա գեղարվեստական տնօրեն Տյերի Ֆրեմոն։

Նրանք հատուկ ընդգծել են, որ դե Նիրոն օժտված է վերամարմնավորման տաղանդով և քամելեոնի պես մտնում է դերի մեջ, որն իր անբաժանելի մասն է դառնում։

Radio France Internationale–ին տված հարցազրույցում Ֆրեմոն ասել է. «Ինձ համար նա և′ դերասան է, և′ ռեժիսոր. երբեմն մենք մոռանում ենք, որ նա նաև ռեժիսոր է։ Նա 2 ֆիլմ է նկարահանել։ Դե Նիրոն յուրատեսակ կենդանի լեգենդ է, սուրբ ֆիգուր։ Նա նաև իմ գործընկերն է, քանի որ դե Նիրոն Նյու Յորքում ստեղծել է կինոփառատոն, որը կոչվում է Թրայբեկի կինոփառատոն»։

Նշենք, որ 67–ամյա դե Նիրոն կդառնա ԱՄՆ–ի կինեմատոգրաֆիայի վերջին 4 տարիների 4–րդ ներկայացուցիչը, որին հանձնարարվել է գլխավորել երկրագնդի ամենահեղինակավոր կինոֆորումի ժյուրիի կազմը։