Դավութօղլու. Մարդկության արձանը որևէ առնչություն չունի հայ–թուրքական հարաբերությունների հետ

10:41 • 10.01.11

Կարսում տեղադրված Մարդկության հուշարձանը որևէ առնչություն չունի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, Կարսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի Կարսում տեղադրված Խաղաղության և մարդկության հուշարձանն ունի «հրեշավոր» տեսք և այն պետք է քանդվի։

«Այդ հուշարձանը համահունչ չէ Կարսի ճարտարապետությանը։ Եվ ընդհանրապես, այն գեղագիտական տեսանկյունից չի արտացոլում ճարտարապետությունը»,– հայտարարել է Դավութօղլուն՝ աջակցելով Էրդողանի՝ արձանը քանդելու մասին հայտարարությանը։

Կարսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան–Թուրքիա մերձեցման գործընթացին՝ ընդգծելով, որ այն որևէ առնչություն չունի այդ հուշարձանի հետ։

«Մենք խաղաղության կողմնակից ենք և ցանկանում ենք, որպեսզի հայ–թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Սակայն, բնականաբար, դա միակողմանիորեն չի լինի։ Հարկ է՝ Հայաստանը թեմայի առնչությամբ նույնպես քայլ իրականացնի։ Իսկ այս ամենը որևէ առնչություն չունի հուշարձանի հետ։ Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել Կովկասում։ Իսկ Կովկասում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է, որպեսզի կարգավորվեն հարաբերությւոնները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,– հայտարարել է Դավութօղլուն։

Նշենք, որ 35 մետր բարձրություն և 350 տոննա կշռող Խաղաղության և մարդկության հուշարձանը Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի նախագծերից է։ Այն Կարսում երկարատև քաշքշուկներից հետո տեղադրվել էր 2009թ.: Քանդակագործ Մեհմեդ Աքսոյի հեղինակած այդ հուշարձանը խորհրդանշում է նաև հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղությունը։

Սակայն այդ հուշարձանը, ինչպես բազմիցս հայտարարել են Կարսի նախկին քաղաքապետն ու հուշարձանի քանդակագործը, կառուցվել է ի հակադրություն Ծիծեռնակաբերդում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի։

Կարսի նախկին քաղաքապետը, պատասխանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ արձանը քանդելու մասին օրեր առաջ արած հայտարարությանը, վերահաստատել էր հուշարձանի բուն խորհուրդը՝ ընդգծելով, որ այն խորհրդանշում է «թուրքերի ցեղասպան ժողովուրդ չլինելը»։

«Մենք այս հուշարձանը կառուցել ենք Հայաստանում և Իգդիրում տեղադրված ցեղասպանության կոթողների դեմ, որովհետև ցեղասպանության կոթողները ժողովուրդների միջև արյան վրեժ են բորբոքում։ Ես այս հուշարձանը կանգնեցրել եմ աշխարհին ցույց տալու համար, որ թուրքը ցեղասպանություն չի իրականացրել»,– հայտարարել է Նաիֆ Ալիբեյօղլուն։

Էրդողանի հայտարարություններին հակազդեցություն էր ցույց տվել նաև քանդակագործ Մեհմեդ Աքսոյը՝ նշելով, որ անխղճություն է Մարդկության հուշարձանը բնութագրել «հրեշավոր»։