Երևանն այսօր վերջին հրաժեշտը կտա Օհան Դուրյանին

10:54 • 10.01.11

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում՝ ժամը 12.00–14.00–ը տեղի կունենա Օհան Դուրյանի վերջին հրաժեշտը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում։ Այս մասին տեղեկացնում են Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից։

Մեծանուն արվեստագետ Օհան Դուրյանը ծնվել է 1922թ. սեպտեմբերի 8-ին Երուսաղեմում ու այնտեղ էլ ավարտել կոնսերվատորիան: Այնուհետև Ցյուրիխում ու Փարիզում դիրիժորական արվեստի դասեր է վերցրել տեղի ճանաչված մասնագետներից: Գրեթե հինգ տարի ղեկավարելով ֆրանսիական մի շարք նվագախմբեր` Դուրյանը 35 տարեկան հասակում եկել է Հայաստան` իր երազների երկիրը, կարճ ժամանակահատվածում արժանացել ճանաչման: Տարբեր տարիների նա ղեկավարել Է Հայաստանի ֆիլհարմոնիկ, հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբերը, օպերային թատրոնի երաժշտախումբը: Մեր օպերային թատրոնի տարեգրության էջերում հիշատակելի են ու արժանվույնս կհիշվեն Օհան Դուրյանի «Անուշ»-ն ու «Պողիկտոս»-ը:

Սիմֆոնիկ, օպերային արվեստի հայ երկրպագուները մշտապես կհիշեն նաև սիմֆոնիաների դուրյանական մեկնությունները, հատկապես հայ հեղինակների գործերի կատարումները, որոնք մշտապես նրա ուշադրության կենտրոնում էին: Հայաստանի ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվել են բազում ձայնագրություններ Օհան Դուրյանի մեկնաբանությամբ, իսկ հեռուստատեսության ֆոնդերում իրենց պատվավոր տեղն ունեն Մոցարտի «Ռեքվիեմ»-ի, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Ջիվան Տեր–Թադևոսյանի, Ալեքսանդր Աճեմյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների դուրյանական ընթերցումները:

Դուրյան անունը լայնորեն ծանոթ է նաև Եվրոպայում ու Ամերիկայում: Նա ելույթներ է ունեցել աշխարհի շուրջ 100 քաղաքներում: Սիմֆոնիկ երկերին զուգահեռ տարբեր օպերային բեմերում ղեկավարել է շուրջ 30 օպերային գործեր:

1962-69թթ. Օհան Դուրյանը հայաստանյան գործունեությունը համատեղել է Լայպցիգի նշանավոր «Գևանդհաուս» ֆիլհարմոնիկ նվագախմբի, ինչպես նաև օպերային թատրոնի դիրիժորի պարտականությունների հետ: Այդ տարիներին Դուրյանը համերգային աշխույժ գործունեություն է ծավալել Ավստրիայի ու Գերմանիայի մի շարք երաժշտական կենտրոններում, արժանանալով մամուլի ու մասնագետների բարձր գնահատանքին: Բեռլինյան մի շարք թերթեր դիրիժորին անվանել են «լիցքավորող դիրիժոր», «հիպնոսող ուժի տեր...», «խոսող ձեռքեր, որոնք համոզում և ապշեցնում են ունկնդրին...», «Արևելյան Եվրոպայի Տոսկանինի...» ու բազում այլ նման գնահատականներ: