Վերջին հրաժեշտը Մաեստրոյին

12:56 • 10.01.11

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հայ հանրությունն այս պահին վերջին հրաժեշտն է տալիս մեծանուն երգահան և դիրիժոր Օհան Դուրյանին։ Օպերայի շենքը մարդաշատ է, հանգուցյալի հարազատներին իրենց ցավակցական խոսքն ասելու են գալիս ճանաչված արվեստագետներ, քաղաքական գործիչներ։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մաեստրոյի հարազատների կողքին է միայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Լրագրողների հետ զրույցում մի շարք արվեստագետներ Օհան Դուրյանին բնութագրեցին որպես մեծ մարդ, բարի պապիկ, հանճար։

Օհան Դուրյանը մահացել է հունվարի 6–ին։ Նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ։ Վերջին հրաժեշտից հետո հռչակավոր դիրիժորը կհուղարկավորվի Կոմիտասի անվան այգու պանթեոնում։