Մեծ արվեստագետի հանդեպ պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերել. արվեստագետները Օհան Դուրյանի մասին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հայ հանրությունն այսօր վերջին հրաժեշտը տվեց մեծանուն երգահան և դիրիժոր Օհան Դուրյանին։ Նրան ճանապարհելու էին եկել ճանաչված արվեստագետներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ։ Մաեստրոյին վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Սերժ Սարգսյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը այդպես էր վերջին հրաժեշտ չտվեցին Դուրյանին։ Փոխարենը եկել էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Դերասան Արմեն Էլբակյանը լրագրողների հետ զրույցում Դուրյանի մահը մեծ կորուստ համարեց։ «Սա մեր բոլորի կուրուստն է։ Ես հույս ունեմ, որ մեր հայ ազգի արգանդը կշարունակի այնպիսի տաղանդներ ծնել, ինչպիսին Օհան Դուրյանն էր»,- նշեց Էլբակյանը։
Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը Դուրյանին բնորոշեց որպես ստեղծագործող, զուսպ ու համեստ անհատ։
Երգիչ Ռուբեն Մաթևոսյանը լրագրողների հետ զրույցում հուզվեց ու արտասվեց։ «Օհան Դուրյանի ձեռքի մեկ շարժումը նշանակում էր երաժշտության ծնունդ, երաժշտության մի աշխարհ։ Ցավ ես ապրում ու նաև ինչ-որ տեղ հպարտություն, որովհետև մենք ճանապարհ ենք դնում մարդու, ով ժամանակի երգարվեստն է կրել իր մեջ։ Փառք ու պատիվ այն ժողովրդին, որը ծնել է Օհան Դուրյան»,- նշեց Մաթևոսյանը։
«Այսօր մենք ճանապարհ ենք դնում հսկա երաժշտին, ում առջև խոնարհվել են շատերը, ում շատ բարձր են գնահատել աշխարհի շատ նվագախմբեր և երաժիշտներ, ով մինչև հոգու խորքը, ամբողջ էությամբ սիրահարված է եղել երաժշտությանը, ով երաժիշտներից պահանջել է շատ ուշադիր վերաբերմունք յուրաքանչյուր հնչյունի հանդեպ և զայրանում էր, երբ տեսնում էր երաժիշտների անտարբերությունը»,- նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ Ըստ նրա՝ հայ ազգը կորցրեց մի բարի պապիկի, մի հոյակապ մարդու։
«Մենք նրան այսօր ճանապարհ ենք դնում ֆիզիկապես, իսկ որպես դիրիժոր, երաժիշտ մենք նրան ճանապարհ էինք դրել վաղուց, այն ժամանակ, երբ նա կարող էր համերգներ տալ, ստեղծագործել և թողնել հսկայական ժառանգություն, ավելի մեծ ժառանգություն, քան այսօր է թողել»,- նկատեց Հեքեքյանը՝ հիշեցնելով, որ մեծ արվեստագետների հանդեպ պետք է ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերել։










