Հայ ժողովուրդն անմահացրեց իր հողը. Օհան Դուրյանի մարմինը հանգչեց Պանթեոնում

17:06 • 10.01.11

Կոմիտասի անվան այգու պանթեոնում այսօր հողին հանձնվեց աշխարհահռչակ երաժիշտ և խմբավար Օհան Դուրյանի մարմինը՝ տեղ գտնելով մեր մյուս մեծերի՝ Էդուարդ Իսաբեկյանի, Գոհար Գասպարյանի և Սիլվա Կապուտիկյանի կողքին։ Նրա շիրիմը շրջապատված էր տասնյակ ծաղկեպսակներով՝ այդ թվում ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի անուններից ուղարկված։

Օհան Դուրյանի հուղարկավորությանը մասնակցում էին Դուրյանի ընտանիքի անդամները, հարազատները, արվեստագետներ, իսկ պետական շրջանակներից ներկա էին միայն մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ Օհան Դուրյանի հուղարկավորությանը մասնակցեց Հայ ազգային կոնգրեսը՝ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ։

«Այստեղ է պառկած Արամ Խաչատրյանը, որը անձամբ ճանաչել է Օհան Դուրյանին, որը կատարել է նրա ստեղծագործությունները, և Արամ Խաչատրյանը բարձր էր գնահատել։ Եվ իմ համոզմամբ, տրամաբանված է, որ նա հիմա այնտեղ է, որտեղ Արամ Խաչատրյանն է, որտեղ նաև Կոմիտասն է, և ցավում եմ, որ իմ շատ սիրելին, որին ես մեկ–մեկ ասում էի խելառ Օհան, հրաժեշտ տվեց կյանքին, իսկ նրա ձայնագրությունները բարեբախտաբար կան»,– Oհան Դուրյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։

«Հերթական անգամ հայ ժողովուրդը անմահացրեց իր հողը։ Օհան Դուրյանն իր կյանքում արդեն ոչ միայն լեգենդ էր որպես արվեստագետ, մարդ, որի համար սահման գոյություն չուներ, որը սանձահարում էր ցանկացած նվագախումբ, ամենաերեսառած և շփացած հանդիսատեսին ստիպում էր իր հույզերի հետ ապրել, այլ բացի դրանից ինքը մեծատառով մարդ էր, հսկայկական բարությամբ»,– ասաց գրող, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը։

Օհան Դուրյանի հետ վերջին շրջանում շփվելու հնարավորություն ունեցած Կարինե Խոդիկյանը բարեբախտություն է համարում այն, որ ինքն առիթ է ունեցել Դուրյանի հետ շփվելու։ «Ես գիտեմ, թե ինչ մեծ սիրտ ուներ նա։ Այդ փոքրիկ, այդ փոքրամարմին մարդու մեջ ինչ հսկայական սեր կար իր ժողովրդի նկատմամբ։ Մարդ, որը չգիտեր այլ կերպ ապրել, քան արդար լինելուց, դա նրա կերպն էր։ Նա տեսնում էր, որ մածունը սպիտակ է, և ինչ էլ ասեին, աշխարհի որ հզորն էլ փորձեր նրան մեկ վայրկյան համոզել, նրա համար մածունը սպիտակ էր։ Այսօր՝ վերջին հրաժեշտի պահին, ես գիտեմ, որ Օհան Դուրյանի հոգին սավառնում է հայոց աշխարհի վրա և սպասում է այն արդարությանը, որի ջատագովն ու մարտիկը եղավ կյանքում։ Դե իսկ նրա երաժշտությունը և իր հետ է, և ինքը տվել է մեզ»,– ավելացրեց Խոդիկյանը։

Հուղարկավորության ժամանակ, երբ հոգևորականներն ավարտեցին արարողությունը, հրաժեշտի խոսք ասաց Օհան Դուրյանի մերձավորներից Վահան Վարդապետյանը։ «Եկեք գնահատենք միմյանց, հատկապես՝ մեծություններին, հատկապես՝ կենդանության օրոք։ Սովորենք արժեքներ գնահատել»,– շեշտեց նա։

«Տարին ծանր է սկսվում, մենք մեկը մեկի հետևից կորցնում ենք մեր ընկերներին՝ Օհան Դուրյանին՝ աշխարհահռչակ երաժիշտ և խմբավար, Անահիտ Բայանդուրին՝ փայլուն մտավորական, թարգմանիչ, հայտնի մտավորական և հասարակական գործիչ Սիմոն Կամսարականին։ Այս պահին դժվար է խոսել, որովհետև կորուստները մեծ են։ Մահանում են մարդիկ, ովքեր երբեք չեն շփոթել մտավորականի կարգավիճակն այլ բաների հետ, ովքեր գիտեին, որ մտավորականի, արվեստագետի տեղը ժողովրդի հետ է, ոչ թե իշխանության, ոչ թե պնակալեզների կերակրատաշտակի կողքը, որոնք միշտ զոհերի ու ոչ թե դահիճների հետ էին»,– Tert.am–ին ասաց կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը։

«Օհան Դուրյանը մեծ քաղաքացի էր, որը չստացավ Հայաստանի քաղաքացիություն, որին մինչև վերջ կարողացան վիրավորել՝ պահանջելով տուգանք վճարել ինչ–որ թղթերի անհամապատասխանության համար»,– շարունակեց Խզմալյանը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Օհան Դուրյանն անգամ իր մահով ծառայեց ժողովրդին։ «Փաստորեն, մաեստրոյի մահը առաջին առիթը դարձավ, որ ժողովուրդը 2011թ. վերադառնա Ազատության հրապարակ։ Փաստորեն, Դուրյանը գոնե մի քանի ժամով ազատագրեց Ազատության հրապարակը»,– ընդգծեց կինոռեժիսորը։

Նա տեղեկացրեց, որ Օպերայի և բալետի թատրոնից Կոմիտասի անվան պանթեոն հասնելու համար մարդկանց տրամադրվել է երկու ավտոբուս, սակայն ժողովուրդը որոշել է ոտքով՝ երթով հասնել պանթեոն։ «Ժողովրդին տրամադրեցին երկու ավտոբուս, այսինքն՝ պետական համարվող թաղումը սահմանափակվեց երկու ավտոբուս հատկացնելով։ Ժողովուրդը չնստեց պետական ավտոբուսներ, և ոտքով եկավ մինչև պանթեոն, և դա ազատության, ազատատենչության խորհրդանիշ է։ Դա երթ էր, որով ապացուցվեց ժողովրդի վերաբերմունքն իր քաղաքացու, իր սիրած վարպետի հանդեպ, ինչը մեծ նշանակություն ունի։ Ես չեմ ուզում քաղաքականացնել մահը, բայց ժողովուրդն այդ ձևն ընտրեց, որը բողոքի և համերաշխության ցույց էր»,– ասաց Տիգրան Խզմալյանը։