Թուրքիայի մշակույթի նախարար. Էրդողանը Մարդկության հուշակոթողը չի բնութագրել որպես հրեշավոր
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կարս կատարած այցելության ընթացքում գործածված «հրեշավոր» արտահայտությունն ամենևին էլ չի վերաբերում Մարդկության հուշակոթողին։ Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը՝ ընդգծելով, որ այդ ուղղությմաբ հնչող բոլոր քնադատություններն անտեղի են և ուռճացված։
«Այցելության ընթացքում վարչապետ Էրդողանի հետ էի։ Նրա բերանից «արձան» բառը դուրս չի եկել։ Էրդողանը հրահանգել է քանդել այն շինությունները, որոնք համահունչ չեն պատմական Կարսի միջավայրին»,– հայտարարել է թուրք նախարարը՝ ավելացնելով, որ, իրոք, Մարդկության կոթողի հետ կապված խնդիրներ կան, բայց դա այլ թեմա է։
«Արձանի հետ կապված քննարկումները վաղուց են սկսվել և կապված են արձանի տեղադրման վայրի հետ։ Արձանը մինչև վերջ պատրաստ չէ, և մենք կփորձենք լուծում գտնել արձանը կերտող արվեստագետի և քաղաքապետարանի հետ»,– ասել է Թուրքիայի մշակույթի նախարարը՝ ընդգծելով, որ արձանը խորհրդանշում է միավորում, իսկ Թուրքիան տարանջատման կողմնակից չէ։










