Նորվեգացի երաժիշտը սառցե գործիքներով համերգների շարք է ներկայացնում Լոնդոնում
Նորվեգացի երաժիշտ Տերյե Իսունգսետը Լոնդոնում ներկայացրել է Ice Music համերգների շարքը, որոնց ժամանակ նա նվագում է սառցե երաժշտական գործիքներ։
Համերգներն ընթանում են վրանային յուրատեսակ տան մեջ՝ նման այն կացարաններին, որտեղ բնակվում են հեռավոր հյուսիսի բնակիչները։ Այն տեղակայվել է Լոնդոնի կենտրոնում՝ Սոմերսեթ–Հաուս հանրահայտ դղյակի տեռասում։
Երաժիշտը գործիքներն իր հետ բերել էր Նորվեգիայից՝ հատուկ սառնարան-բեռնատարով։
«Սա մոտ 30 սմ երկարությամբ, 10սմ լայնությամբ և 2սմ հաստությամբ սառցե կտոր է։ Ես մի քիչ տաքացնում եմ այն և նվագում ինչպես քսիլոֆոն կամ մարիմբա։ Իսկ ահա այս մեկն արդեն սառցե փող է»,– իր յուրօրինակ գործիքները ներկայացրել է Տերյեն։
Նրա խոսքերով՝ ինքը նվագում է ձեռնոցներով, քանի որ ձեռքերի ջերմությունից գործիքը կհալչի, իսկ ձեռքերը՝ կսառչեն։ Սակայն համերգը երկար չի տևում, քանի որ գործիքները հալչում են, եթե չես նվագում սառնամանիքի ժամանակ, ինչը նույնպես հնարավոր չէ անել, քանի որ շուրթերը կպչում են սառույցին։
Քանի որ այժմ Լոնդոնում սառնամանիք չէ, 3 օրերի ընթացքում համերգների շարքի համար Տերյեն Նորվեգիայից սառցե փողերի հավաքածու է բերել, որոնցից յուրաքանչյուրը բավականացնում է 2–3 ելույթի համար։










