Նուռ՝ ծաղիկների փոխարեն. Թբիլիսիում նշվել է Փարաջանովի ծննդյան տարեդարձը
Երեկ Թբիլիսիում նշվել է հայազգի անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 87-ամյակը։ Վրաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված հոբելյանական միջոցառումն սկսվել է Թբիլիսիում տեղադրված ռեժիսորի հուշարձանի մոտ, որտեղ Փարաջանովի արվեստը գնահատողները ծաղիկների փոխարեն մեկական նուռ են դրել հուշարձանի վրա՝ ի նշան Փարաջանովի ու նրա ստեղծագործության հանդեպ ունեցած սիրո և որպես Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից մեկի ՝«Նռան գույն»–ի խորհրդանիշ։
Ակցիայի մասնակիցները կարծիք են հայտնել, որ Թբիլիսիում անպայման պետք է Փարաջոնվի անունը կրող փողոց լինի, քանի որ նա «իսկական թբիլիսցի է»։
Տոնական միջոցառումներն այնուհետ շարունակվել են Փարաջանովի կինոֆիլմերից հատվածների ցուցադրումով, ինչպես նաև նրա ստեղծագործություններին նվիրված լուսանկարների և նկարների ցուցադրումով։
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թ հունվարի 9–ին։ 1952 թ. ավարտել է Կինեմոտոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Նրա ֆիլմերը՝ «Մոռացված նախնիների ստվերը», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշիկ Քերիբը» բազմիցս արժանացել են միջազգային փառատոնների հեղինակավոր մրցանակների և դասվում են համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների շարքը։










