Իրանում արգելվել է Կոելյոյի գրքերի հրատարակությունը

12:57 • 11.01.11

Աշխարհի ամենահայտնի գրողներից մեկը՝ բրազիլացի Պաուլո Կոելյոն, իր ցանցային օրագրում հայտարարել է, թե Իրանի իշխանություններն արգելել են իր գրքերի հրատարակումը Իրանում։

Կոելյոն ասել է, թե ինքը դա իմացել է Արաշ Հեջազիի՝ Caravan Books հրատարակչության տնօրենի նամակից. Հեջազիին իրավունք է վերապաված հրատարակել հայտնի արձակագրի գրքերն Իրանում։

«Ցավոք, ինձ տեղեկացրել են, որ Իրանի մշակույթի և իսլամական կենսակերպի նախարարությունը արգելել է Ձեր բոլոր գրքերը... Իմ ընկերներին ասել են, որ այսուհետև Իրանում կարգելվեն Կոելյոյի բոլոր գրքերը»,– իր բլոգում Կոելյոն մեջբերում է Հեջազիի նամակը։
Կոելյոն նշում է, որ իր գրքերը Իրանում հրատարակվում են 1998թ.–ից, դրանց ընդհանուր տպաքանակը երկրում գերազանցում է 6 միլիոնը։

«Ես հույս ունեմ, որ այս թյուրիմացությունը կլուծվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Եվ ես հույս ունեմ, որ Բրազիլիայի կառավաորւթյունն ինձ կաջակցի»,–գրել է նա։

Հեջազին իր նամակում խորհուրդ է տվել Կոելյոյին պարսկերեն թարգմանված իր ստեղծագործությունները տեղադրել համացանցում, բայց միաժամանակ խոստովանել է, որ այդ նախագիծը շահութաբեր չի լինի, քանի որ Իրանում համացանցով առևտուրը տարածված չէ։