Մայքլ Դուգլասը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը, որի մոտ 2010–ի օգոստոսին ախտորոշել էին վերջին՝ չորրորդ աստիճանի կոկորդի քաղցկեղ, հեռուստահարցազրույցում հայտնել է, որ բուժումների արդյունքում ուռուցքը ներծծվել է։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։
«Ես ինձ հրաշալի և շատ թեթևացած եմ զգում. ուռուցքն անհետացել է։ Իհարկե, այսուհետ ես ստիպված եմ ամեն ամիս զննում անցնել, այնպես որ, լիակատար երջանկության մասին խոսք չի կարող գնալ։ Հնարավոր է, ևս 2 ամիս անհրաժեշտ լինի ստուգումների համար։ Մի խոսքով, վերջին կես տարին խիստ մրցավազք էր»,–պատմում է դերասանը։
Դուգլասը խոստովանել է, որ մինչ այժմ զգում է քիմիոթերապիայի կողմնակի էֆեկտները, ինչպես օրինակ բերանի չորությունը, որը խանգարում է քնել։
«Կորցրած 32 ֆունտերից (14 կգ) ես կրկին հավաքել են 12–ը. մնաց վերադարձնել ևս 20 կամ 25 ֆունտ»,– կիսվում է դերասանը։
Բացի ուտելիքից՝ դերասանին գրավում է աշխատանքը. Դուգլասը պատրաստվում է նկարահանվել ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի ֆիլմում. նա մարմնավորելու է 1957–ին ՁԻԱՀ–ից մահացած շոումեն և դաշնակահար Լիբերաչեին, ինչպես նաև պատրաստվում է այս կիրակի մասնակցել «Ոսկե գլոբուսների» շնորհման արարողությանը. Դուգլասը առաջադրված է Օլիվեր Սթոունի «Wall Street: Money Never Sleeps» ֆիլմի 2–րդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Խոսելով իր հիվանդության մասին՝ Դուգլասը հավելել է. «Հաշվի առնելով քաղցկեղի այս տեսակի մասին իմ իմացությունը՝ ենթադրում եմ, որ հաղթանակելու հավանականությունը շատ մեծ է։ Իմ բախտը բերել է ժառանգականության հարցում. մայրս 88 տարեկան է, հայրս՝ 94։ Ամեն դեպքում, ես հասկացել եմ, որ մոտեցել եմ 3–րդ գործողությանը և հասկացել եմ, որ ժամանակը սուղ է, այն պետք է խելացիորեն օգտագործել»։










