Սփյուռքի յուրաքանչյուր հատված պետք է իրազեկ լինի մյուսի հոգսերին. Վարդան Ասատրյան
Նախօրեին «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ի նախագծերից մեկը՝ Թերթ.am տեղեկատվական կայքը, գործարկեց իր արևմտահայերեն տարբերակը: Ընկերության տնօրեն Վարդան Ասատրյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ իրենք դրանով ոչ այնքան բիզնես, որքան համազգային նպատակ են հետապնդում՝ միավորել հայության ներուժը:
-Պարոն Ասատրյան, ինչո՞ւ արևմտահայերեն: Ինչպե՞ս է ծնվել նախաձեռնության գաղափարը և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։
-Մեկ տարուց ավելի է, ինչ գաղափարը հղացել էինք, պարզապես հարկավոր էր որոշ տեխնիկական հարցեր լուծել։ Կարևոր էր նաև մասնագետների հարցը։ Մեզ անհրաժեշտ էր գտնել հենց Սփյուռքում ծնված մասնագետներ, ինչը վերջապես հաջողվեց։ Արևմտահայերեն էջ ունենալ մենք պարտավոր էինք թեկուզ հենց այն պատճառով, որ այդքան մեծ Սփյուռք ունենք: Իսկ Թերթ.am-ը առաջատար ինտերնետ լրատվամիջոց է Սփյուռքի համար, և դա հաշվի չառնելը պարզապես մեծ սխալ կլիներ։ Մենք՝ հայերս, այսօր չիրացված հնարավորությունների հսկայական ներուժ ունենք, և դա օգտագործելու համար առաջին հերթին պետք է փոխադարձաբար իրազեկ լինենք միմյանց հոգսերին։ Թերթ.am-ի արևմտահայերեն տարբերակն անդրադառնալու է ոչ միայն ներհայաստանյան, այլև Սփյուռքի տարբեր գաղթօջախների իրադարձություններին, և մենք ակնկալում ենք, որ դրանով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը իրազեկ կլինեն ոչ միայն Հայրենիքի իրադարձություններին, այլև միմյանց խնդիրներին ու հնարավորություններին: Դա, անշուշտ, կարող է կումուլյատիվ էֆեկտ ունենալ հայության ներուժի համախմբման գործում:
-Որպես բիզնես նախագիծ՝ նախաձեռնությունն արդյոք արդարացվա՞ծ է: Որքանո՞վ եք այդ հանգամանքը հաշվի առել։
-Թերթ.am-ը նախևառաջ բիզնես նախագիծ է, և, բնականաբար, յուրաքանչյուր նոր քայլ անելիս մենք հաշվի ենք առնում դրա ֆինանսական նպատակահարմարությունը։ Բայց սա այն դեպքն է, երբ ֆինանսական ակնկալիքները մղվում են երկրորդ պլան։ Ֆինանսական նպատակահարմարության առումով ամեն ինչ այնքան հստակ չէր նաև այն ժամանակ, երբ շուրջ երեք տարի առաջ ազդարարեցինք Թերթ.am-ի մեկնարկը։ Այն ժամանակ մեզ համար զավեշտալի էր, որ հայաստանցիների մի ստվար զանգված որպես տեղեկատվություն ստանալու այլընտրանքային միջոց կարդում էր ադրբեջանական, լավագույն դեպքում ռուսական ինտերնետային կայքեր: Թերթ.am-ի հիմնադրմամբ մենք մեր առջև նպատակ դրեցինք հնարավորինս շտկել այդ վտանգավոր իրավիճակը։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։
-Այնուամենայնիվ, հայությանը համախմբելն առանձին ընկերությունների խնդիրը չէ: Չե՞ք կարծում, որ դա ավելի շատ պետության գործն է:
-Որ պետությունը մեծ անելիք ունի հայության ներուժը միավորելու գործում, իհարկե, ընդունում եմ: Բայց համաձայն չեմ, որ դա միայն պետության գործն է. դա յուրաքանչյուր հայի գործն է: Երբ ամեն մի հայ անհատ, ընկերություն և կազմակերպություն իր փոքր ավանդն ունենա այդ գործում, մենք շատ ավելի հզոր կլինենք: Արևմտահայերենը մեր ազգային հարստությունն է, մեր մշակույթի շքեղությունը, և ցավոք, Սփյուռքի նոր սերունդները գնալով մոռանում են այդ լեզուն: Մենք հուսով ենք, որ մեր այս նախաձեռնությունը փոքր, բայց կարևոր ավանդ կլինի արևմտահայերենը կենդանի պահելու գործում:
-Ներկայում ի՞նչ համամասնություն ունի Ձեր կայքի այցելությունների աշխարհագրական բաշխվածությունը, և ի՞նչ ակնկալիքներ կան արևմտահայերեն էջի ներմուծումից։
-Ըստ ինտերնետ մոնիտորինգ իրականացնող տարբեր աղբյուրների (Circle.am, Google Analytics) տվյալների՝ Թերթ.am այցելությունների շուրջ 70%-ը բաժին է ընկնում Հայաստանին, որին հետևում են Ռուսաստանը՝ 6%, ԱՄՆ-ը՝ 5%, Գերմանիան ու Ֆրանսիան՝ շուրջ 1.5-ական տոկոս։ Ըստ էության, դրանք հայկական Սփյուռքի ամենամեծ գաղթօջախներն են, և նաև այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ մենք գնացել ենք նման նախաձեռնության։ Իհարկե, 70% տեղական այցելությունների ցուցանիշը գրավիչ է գովազդատուների համար, որոնց թիրախային շուկան, որպես կանոն, Հայաստանն է, բայց մենք ակնկալում ենք, որ նաև արևմտահայերեն տարբերակով էապես կավելացնենք արտասահմանյան այցելությունները, ինչի արդյունքում, բնականաբար, կփոխվի այդ համամասնությունը։
Պետք է նշեմ, որ նույնիսկ այս երկու օրվա ընթացքում, հակառակ մեր սպասումներին, Սփյուռքից բավական մեծ արձագանք կա, ինչն արտահայտվում է ոչ միայն այցելությունների վիճակագրությամբ, այլև բազմաթիվ շնորհակալական նամակներով:
-Ինչպիսի՞ն են ինտերնետ լրատվության զարգացման ներկա միտումները Հայաստանում։
-Երբ երեք տարի առաջ մենք սկսեցինք մեր գործունեությունը առցանց լրատվության ոլորտում, դաշտը բավական ազատ էր՝ խոպան։ Այսօր մենք տեսնում ենք հակառակ պատկերը, և դա բավական գոհացնող է։ Ինտերնետ լրատվամիջոցների քանակը շատ արագ աճում է, նկատելի է նաև դրական տեղաշարժ՝ որակական առումով: Կարող ենք փաստել, որ ներկայում հայկական ինտերնետային լրատվությունը բավական լավ դիրքերում է։ Դրան նպաստում է մեր երկրում ինտերնետի արագ տարածումը և ինտերնետ օգտագործողների քանակի կտրուկ աճը։
Այդ միտումը մասամբ պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանրապես նորությունների ու նորարարությունների նկատմամբ մեր ազգին բնորոշ մեծ հետաքրքրությամբ։ Ներկայում Թերթ.am-ը և առաջատար մի քանի կայքեր 1000 բնակչի հաշվարկով ավելի շատ են ընթերցվում, քան մեր հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, անգամ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների առաջատար կայքերը։ Այնպես որ՝ ներկա միտումները բավական հուսադրող են, չնայած առաջիկա տարիներին ավելի սուր զարգացումներ են սպասվում։










