Բուդդայի ծննդավայրում հնագետները պեղումներ են սկսել՝ նրա ծննդյան օրը պարզելու համար
Նեպալի և Բրիտանիայի հնագետները Բուդդայի հայրենիքում՝ Լումբինիում (Նեպալի հարավ) պեղումներ են կատարում, որոնք կարող են լույս սփռել բուդդիզմի հիմնադրի ծննդյան հանգամանքների վրա, գրում է Himalayan Times թերթը։
1997թ.–ին Լումբինին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակությանին ժառանգության օբյեկտների միջազգային ցուցակի մեջ և խոշոր ուխտագնացության կենտրոն է։ Նրա ղեկավարությունը որոշել է այնտեղ ուխտավորների համար տներ կառուցել, բայց նախ ուզում է համոզվել, որ ապագա շինությունների հիմքի տակ ոչ մի արժեքավոր բան չկա։
Ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, որպես պեղումների կոորդինատոր հանդես է գալիս Կատմանդուում ՅՈՒՆԵՍԿՕ–ի բյուրոն, որը առաջին փուլի համար հատկացրել է 95 հզ. դոլար։ Պեղումներին կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ–ն, Լումբինիի զարգացման Տրեստը, Նեպալի կառավարության հնագիտության բաժինը, Տրիբուվանի անվան Նեպալի համալսարանը, ինչպես նաև Դարեմի և Սթերլինգի համալսարանները Մեծ Բրիտանիայից։
«Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է տալիս ուսումնասիրել աշխարհի կարևորագույն կրոնական ավանդույթներից մեկի զարգացման սկզբնական փուլը, ինչպես նաև ավելացնել նոր գիտական փաստեր Բուդդայի ծննդյան հետ կապված»,– ասել է Դարեմի ինստիտուտի հնագիտության պրոֆեսոր և ՅՈՒՆԵՍԿՕ–ի հնագիտական փորձագետ Ռոբին Կոնինգեմը։










