«Աիդան» կրկին բեմում կլինի հունվարի 17-ին

09:31 • 13.01.11

Հայ երաժշտասեր հասարակությունը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի բեմում դարձյալ հնարավորություն ունի դիտել իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: Վերդին իր հայտնի օպերան գրել է 1869թ. Սուեզի ջրանցքի բացման կապակցությամբ: Այն առաջին անգամ բեմադրվել է 1871թ. եգիպտական կառավարության պատվերով:

2010թ. դեկտեմբերին «Աիդայի» բեմադրությունը Հայաստանի մշակութային կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր: Չորս գործողությամբ օպերայում ներգրավված են շուրջ 300 մասնակիցներ, ներկայացման ժամանակ օգտագործել են Օպերայի բոլոր` երեք բեմերը:

«Աիդան» ըստ արժանվույն հանդիսատեսին ներկայացնելու համար Երևան էին հրավիրվել իտալացի հայտնի ռեժիսոր Մարիո Կորադին, լուսային ռեժիսոր Անդրեա Բորելլին: Օպերայի բեմադրող նկարիչը Ավետիս Բարսեղյանն է, որի ջանքերով պատրաստվել են 400-ից ավելի բեմական հագուստներ: Նրան հաջողվել է վերականգնել ու հին ժամանակների շունչը հաղորդել հանդիսատեսին: Օպերայի երաժշտական մասի ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, գլխավոր խմբավար` Կարեն Սարգսյանը: Պարային մասն ապահովվել է շնորհիվ Վիլեն Գալստյանի ջանքերի: Հունվարի 17-ին «Աիդայի» դիրիժորը կլինի Յուրի Դավթյանը, հունվարի 19-ին` Հարություն Արզումանյանը, իսկ նույն ամսվա 23-ին` Մարկ Կիսոցզին (Շվեյցարիա):

Տոմսերի արժեքը տատանվում է 3000-10 000 դրամի սահմաններում: