«Ձմեռային փառատոնը» մոտեցավ իր ավարտին

18:55 • 13.01.11

Սիրահարների այգում այսօր տեղի ունեցավ թվով չորրորդ «Ձմեռային փառատոն-2010»-ի փակման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը շնորհակալություն հայտնեց բոլորին` իրենց համարձակ նախաձեռնությանը` «չփորձված ծրագրերի իրականացմանը հավատալու համար»:

Նա հույս հայտնեց, որ տարիների ընթացքում ավելի շատ երեխաներ, կամավորներ կընդգրկվեն ու մաս կդառնան նախաամանորյա շունչն ապահովող տոնածառերի պատրաստման մրցույթներին, շքերթներին, Սիրահարների այգում տեղի ունեցող անվճար բարեգործական համերգներին:
Ր. Նիզիբլյանը նաև տեղեկացրեց, որ փառատոնը առաջիկա ամիսներին ներկայացնելու է արդեն 2011թ. կայանալիք մրցույթների և միջոցառումների ցանկը: «Հույս ունենք, որ բոլոր մեր աջակիցները մեր կողքին կլինեն և նրանց թիվը կավելանա»,- ասաց նա:

Փառատոնը նպատակ է հետապնդում երևանցիների առօրյան փոքր-ինչ գունավորել, բնապահպանական ծրագրեր իրականացնել, մարդկանց հոգիներում ավելի շատ սեր առաջացնել բնության նկատմամբ:

«Ձմեռային փառատոնի» կազմակերպիչներն են «Կանաչաստան» հ/կ-ն, Deem Commnications-ը, «Պողոսյան պարտեզները»:

Փառատոնի կազմակերպիչների ջանքերով դարերի խորքից վերակենդանացել է մեծերի ու փոքրիների սիրելի Կաղանդ պապը, որին հնարավոր էր հանդիպել Սիրահարների այգում փառատոնի անցկացման ընթացքում:

«Տերյան» մշակութային կենտրոնի անդամ Լիլիթ Մելիքյանի ջանքերով վերհանվել էր Կաղանդ պապի կերպարը: Փառատոնի ասուլիսի զարդը որպես հատուկ հյուր հրավիրված, մագաղաթ հիշեցնող ու հայկական նախշերով զարդարուն հագուստով Կաղանդ պապը դարերի խորքից իր ողջույնի խոսքը հղեց «Հայկի ժողովրդի զավակներին» և շնորհավորեց բոլորի Ամանորը:
Նրան վստահվեց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակներ շնորհվեցին Հեքիաթի մրցույթի հաղթողներ Նաիրա Եդիգարյանին ու 82-ամյա Ժանետա Անանիկյանին, ով առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել փակման արարողությանը:

Բնապահպանական նպատակներ հետապնդող տոնածառերի ցուցահանդեսի հաղթողներ ճանաչվեցին «Ղողանջ» և «ԱյԴիԷս» կազմակերպությունները:

Վերջինիս «Պողոսյան պարտեզները» հանձնեց նաև հատուկ մրցանակ: