Չեխ հայտնի ապակեգործուհու էսքիզներով արված նկարները կգունազարդեն երեխաները
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն այս տարի ևս «Երկրաչափական ձևեր և պատկերներ» ցուցահանդեսի շրջանակում հունվարի 15-ից «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կվերսկսի ուրախացնել դպրոցահասակ` 6-12 տարեկան երեխաներին: Այս մասին հայտնեց արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի տնօրեն Աննա Սիմոնյանը։
Մինչև մարտ ամիսը յուրաքանչյուր երեքշաբթի կազմակերպվելիք խաղ-դասերին կարող են մասնակցել երեխաներ` ամբողջ դասարանով, իսկ շաբաթ-կիրակի օրերին ցանկության դեպքում նրանց կարող են միանալ ծնողները:
Դասընթացի ժամանակ երեխաներին անվճար կբաժանվեն գունավոր թղթեր, մատիտներ, ինքնասոսնձվող նյութեր, որոնց օգնությամբ և հատուկ վերապատրաստված խաղավարների ու դասվարների անմիջական մասնակցությամբ երեխաները կգունազարդեն չեխ հայտնի ապակեգործուհի Իվանա Շրամկովայի էսքիզներով արված նկարները, կստեղծագործեն` զարգացնելով իրենց երևակայությունը:
Խաղ-դասերին կարելի է մասնակցել` նախապես զանգահարելով արվեստի կենտրոն:
Սրահում ցուցադրվում են ապակեգործուհու մեկ տասնյակից ավելի կենդանիների (խոզ, ձի, մուկ, շուն) պատկերով ապակյա գունավոր աշխատանքները:










