Վարդգես Սուրենյանցն ու Մարտիրոս Սարյանը` Նիդեռլանդներում
Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքի վերջերս հիմնանորոգումից հետո վերաբացված լավագույն թանգարաններից մեկում առաջին անգամ ցուցադրվում են նախկին խորհրդային երկրների արվեստագետների արևելյան թեմաներով ստեղծագործությունները: Ցուցադրությունը կոչվում է «Ռուսաստան և օրիենտալիզմ»:
«Անհայտ ռուսական Արևելքի» մասին պատկերացում են տալիս 19-20-րդ դդ. Արևելքը լավագույս ներկայացրած ազգությամբ ոչ ռուս գեղանկարիչների աշխատանքներն ու 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուս նկարիչներ Վերեշչագինի ու Պոլենովի` Ռուսաստանի հարավի ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում կատարած ճանապարհորդական-փաստագրական աշխատանքները:
Գրոնինգենի ցուցահանդեսին Հայաստանը ներկայացրել է 8 կտավ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից և 5 աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահից` Սուրենյանց, Սարյան, Պոլենով, Շարբաբչյան և 19-րդ դարի անհայտ նկարչի մեկ աշխատանք:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ Հոլանդիայի ու Եվրոպայի արվեստասերների համար իսկական հայտնություն կարող է լինել Մարտիրոս Սարյանի էսթետիկան, որը շատ ինքնատիպ է, միևնույն ժամանակ, մոտ եվրոպական արվեստի սկզբունքներին:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2011թ. մայիսի 8-ը:










