Ոսկերիչները հարստացել են տոների հաշվին. աճել են Tiffany-ի, Signet Jewelers-ի և Zale-ի վաճառքները
Ոսկերչական մի շարք հայտնի ընկերություններ, մասնավորապես՝ ամերիկյան Tiffany-ն, Zale-ը և բրիտանական Signet Jewelers-ը, Ծննդյան տոների ընթացքում վաճառքների ակտիվ աճ են արձանագրել: ԱՄՆ-ում, ինչպես նաև Ասիայի արագ զարգացող երկրներում մեծահարուստները սկսել են ավելի հաճախ գնել թանկարժեք զարդեր: Միացյալ Նահանգներում ոսկերչական ընկերությունները 2010թ. նոյեմբերի վերջից մինչև 2011թ. հունվարի 1-ը ստացել են իրենց տարեկան հասույթի մոտ մեկ երրորդը:
Լեգենդար Tiffany-ն տեղեկացնում է, որ իր հասույթը 2010թ. նոյեմբերի 1-ից մինչև 2011թ. հունվարի 1-ն աճել է 11%-ով` մինչև $888,5 մլն: Ասիայում (բացառությամբ Ճապոնիայի) վաճառքներն ավելի արագ են աճել, քան ամբողջ աշխարհում: Այս տարածաշրջանում հասույթի աճը կազմել է 23%: Անգամ ԱՄՆ-ում, որտեղ տնտեսության դանդաղ վերականգնման պատճառով սպառողական ակտիվությունը շարունակում է չափավոր մնալ, հասույթն աճել է 9%-ով: Արդյունքում ընկերությունները նպատակ ունեն հունվարի վերջին ավարտվող ֆինանսական տարում մեծացնել իրենց շահույթը 10%-ով` նախորդ ֆինանսական տարվա համեմատ: Ընկերությունը Ծննդյան տոների ընթացքում մի շարք նոր խանութներ է բացել ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում: Զարդերի ևս մեկ խոշոր վաճառող` Signet Jewelers-ը, նույնպես գոհ է Ծննդյան տոների իր վաճառքներից: Վերջին ինը ամսվա ընթացքում նրա հասույթն աճել է 8,1%-ով:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, ԱՄՆ-ում ոսկերչական զարդեր վաճառողների շրջանում երրորդ տեղը զբաղեցնող Zale-ը վերջապես հաղթահարել է ճգնաժամը: Եթե 2009թ. Zale-ի խանութներում վաճառքներն անկում են ապրել 12%-ով, ապա 2010թ. նոյեմբեր-դեկտեմբերին նրա հասույթն աճել է 7,5%-ով:
Ընկերության տնօրեն Մեթ Ափելի խոսքով` սա առաջին հաջող տարին էր մի շարք անհաջողություններից հետո:










