Կմիավորվե՞ն արդյոք «Շողակաթն» ու «Արարատը»
«Շողակաթ» և «Արարատ» հեռուստաընկերությունների միավորում օրենքը չի նախատեսում, սակայն նրանք կարող են սերտորեն համագործակցել, ինչն էլ անում են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե նշված հեռուստաընկերությունները պետք է միավորվեն։
««Շողակաթ» և «Արարատ» հեռուստաալիքների միավորումը որպես այդպիսին չի կարող լինել, որովհետև «Շողակաթը» մասնավոր հեռուստաընկերություն է, իսկ «Արարատը» հանրային հեռուստատեսության ալիքներից մեկն է։ Խնդիրը կարող է լինել ավելի սերտ համագործակցության մասին։ Մենք հիմա էլ «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համագործակցում ենք ոչ միայն պատարագների ուղիղ եթերների ժամանակ, այլև «Շողակաթի» շատ հաղորդումներ կան մեր եթերում, հատկապես՝ արբանյակային հեռուստատեսությամբ»,– ասաց Ալեքսան Հարությունյանը։
«Այդ համագործակցությունը, կարծում եմ, ավելի կշատանա, որովհետև, ըստ օրենքի, մենք պետք է ունենանք հոգևոր–մշակութային ուղղվածության ալիք»,- ասաց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իրենք կսերտացնեն համագործակցությունը «Շողակաթի» և Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ հոգևոր դաստիարակության, կրթության խնդիրները լուսաբանելու առումով։
Դիտարկմանը, թե «Արարատ» հեռուստաալիքը հանրապետության ոչ բոլոր մարզերում է սփռվում, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց, որ եթե ինքը չի սխալվում, «Արարատը» հեռարձակվում է գրեթե ամենուրեք՝ բացի Սյունիքի մարզից։
«Դա կարելի է ասել, մեր բարի կամքի դրսևորումն է, որ ընդամենը Երևանի համար տրված դեցիմետրային ալիքը մենք հեռարձակում ենք նաև այլ վայրերում»,– նշեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ նոր օրենքի համաձայն իրենք պարտավոր են 2015թ–ից ապահովել այդ ալիքի թվային հանրապետական հեռարձակումը։










