Ալ Պաչինոն Ոսկե գլոբուս է ստացել Ջեք Գևորգյանին մարմնավորելու համար

11:04 • 17.01.11

Ամերիկացի դերասան Ալ Պաչինոն «Ոսկե գլոբուս» մրցանակի է արժանացել «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում խաղացած դերի համար։

Հոլիվուդյան մամուլը գնահատել է 70-ամյա դերասանին էվթանազիա կիրառող բժիշկ Ջեք Գևորգյանին մարմնավորելու համար։ Ֆիլմի ռեժիսորն է ամերիկացի Բարի Լևինսոնը։

Ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», Գևորգյանի նախնիները վերապրել են Հայոց ցեղասպանությունը, որը խորը հետք է թողել բժշկի անհատաանության ձևավորման և նրա կյանքի ընկալման վրա։ Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։

«Ինձ համար շատ դժվար էր խաղալ իրական, այլ ոչ՝ հորինված կերպարի դեր»,- ասել է Ալ Պաչինոն մրցանակաբաշխության 68-րդ արարողության ժամանակ մրցանակն ստանալիս։ Մրցանակաբաշխությունը Հոլիվուդից հեռարձակվել է NBC-ի ուղիղ եթերով։
Ալ Պաչինոյին արդեն անվանում են «եռաթագի» դափնեկիր. Նա ստացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Թոնի»։ Այս ցուցակում նա ավելացրել է ևս մեկ արձանիկ։