Վահան Արծրունի. Ձմռանը մշակութային կյանքը նման է գրիպի

18:17 • 17.01.11

«Ձմեռը մեռած սեզոն է: Ձմռանը մշակութային կյանքում ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում: Դրա վառ վկայությունը Օպերային հարող տարածքի գովազդային ազդագրերն են: Դրանք միայն բավական են, որպեսզի ասենք, որ ձմռանը մշակութային կյանքը գրեթե մարում է Հայաստանում»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց երաժիշտ-ստեղծագործող Վահան Արծրունին` ձմռանը մշակութային կյանքի դանդաղումը նմանեցնելով գրիպի:

«Այս իրավիճակը արդեն տասը-քսան տարի է, ինչ սովորական է դարձել ստեղծագործողների համար: Ընկերներիս մի մասը գերադասում է ձմռան ամիսներին գնալ երկրից»,- զրույցում նման մտահոգություն հայտնեց երաժիշտը` ավելացնելով, որ ինքը ելքը գտել է, զբաղվում է «միայն ստուդիական աշխատանքներով», բայց «արվեստագետների մեծ մասը շատ ծանր է տանում ստեղծված վիճակը»:

Ձմռան ամիսներին, որոնք, ըստ Արծրունու, տևում են ոչ թե երեք ամիս, այլ մինչև ապրիլի վերջ, մշակութային որևէ լուրջ իրադարձություն հնարավոր չէ ակնկալել, քանի որ այստեղի արվեստագետները նյութակայն այնքան մեծ հնարավորություն չունեն իրենց արվեստանոցները ջեռուցելու համար: Դա, ըստ նրա, չափազանց վատ է անդրադառնում նրանց հոգեբանության վրա: