Facebook–ի հիմնադրի մասին ֆիլմն ստացել է «Ոսկե գլոբուսի» ամենաշատ մրցանակներ
Facebook–ի հիմնադրի մասին ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուսի» ամենաշատ մրցանակներին։ «Լավագույն դրամատիկ ֆիլմ» կոչումից բացի «Սոցիալական ցանցը» մրցանակ է ստացել ռեժիսորական աշխատանքի և սցենարի համար։
«Դրամա» անվանակարգում կինոքննադատների կողմից լավագույն դերասանուհի է ճանաչվել Նատալի Պորտմանը, իսկ լավագույն դերասան՝ Քոլին Ֆերթը։ Տարվա կինոկատակերգություն է ճանաչվել «Երեխաները լավ են» ֆիլմը, որտեղ խաղալու համար կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Աննետ Բենինգը, իսկ նույն ժանրի լավագույն դերասան՝ Փոլ Ջիամաթին։ Բացի այդ, անիմացիոն աշխատանքի համար առանձին մրցանակի է արժանացել «Խաղալիքների աշխարհ. մեծ փախուստ» մուլտֆիլմը։
Նշենք, որ թեև «Ոսկե գլոբուսը» ստեղծվել էր ի հակակշիռ «Օսկարի», սակայն վերջին տարիներին այն դարձել է ամերիկյան կինոակադեմիայի նախընտրության յուրօրինակ ինդիկատոր։ Այսպես, ըստ քննադատների, պարզ է դարձել, թե որ ֆիլմերն առավել շանսեր ունեն ստանալու հոլիվուդյան հեղինակավոր մրցանակը։










